ԿարևորՏնտեսական

ԿԲ նախագահ. «Նման վիճակը չի կարող երկար տևել, քանի որ վարվող մակրոքաղաքականաությունը խելամիտ է»

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կենտրոնական բանկում այսօր պարզաբանումներ են ներկայացրել փոխարեժքի շուկայում տիրող իրավիճակի շուրջ: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը քաղաքացիներին հորդորել է զերծ մնալ փոխարժեքի  անհարկի փոխարկումներից և  սպասել իրավիճակի կայունացմանը: «Նման վիճակը չի կարող երկար տևել, քանի որ վարվող մակրոքաղաքականաությունը խելամիտ է, բոլոր ցուցանիշերը կայուն ու վերահսկելի են»,- հայտարարել է գլխավոր դրամատան տնօրենը: Արթուր Ջավադյանը անտրամաբանական է համարում հայտարարությունները, որ  շոկային փուլերում Հայաստանից մեծ քանակությամբ դոլար է դուրս եկել ու փոխանցվել Ռուսաստանի Դաշնություն:

Հայաստանի գլխավոր դրամատունը շարունակում է  պնդել՝ ՀՀ արժույթի շուկայում աստիճանաբար ամեն ինչ իր տեղն է ընկնում: Պնդումների ապացույցը հանգստյան  վերջին օրերն էին, երբ շուկան առավել հանգիստ էր: ԿԲ- ն դեկտեմբերի 8-ից մինչև տարվերջ  որոշակի քանակի դոլար է  ուղղելու շուկա՝ փոխարժեքի տատանումները հարթելու և փոխարժեքի շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով:

Գլխավոր դրամատունը դոլարը վաճառելուէ  սակարկությունների միջոցով՝  այս շաբաթ  ամեն օր շուկա բաց թողնելով վեց միլիոն դոլար: ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը շտապում է  հակադարձել ապագայում հնչելիք քննադատություններիին. «Մենք սա չենք գնահատում որպես շեղում լողացող փոխարժեքի քաղաքականությունից, քանի որ միջամտությունը կարճաժամկետ է, շուկայի ծավալի համեմատ ոչ մեծ»։

Աստիճանաբար շուկա բաց թողնվող դոլարի քանակը նվազելու է, հաջորդ շաբաթ ավելի քիչ դոլար են վաճառելու, եթե անգամ դրա պահանջարկը մեծ լինի: Այսպես աստիճանաբար դրամը կկայունանա։ Պնդումների հիմքում այս անգամ էլ հարևան Վրաստանի ազգային արժույթն է, որը վերջին օրերին ոչ միայն կայունացման, այլ նաև արժևորման միտումներ է ցուցաբերում:

Հայաստանի փոխարժեքի շուկայում երկու ցնցում գրանցվեց՝ նոյեմբերի 24-ին ու դեկտեմբերի 1- ին։ Շոկերի վրա ազդեցին ինչպես համաշխարհային ու տարածաշրջանային, այնպես էլ ներքին գործոնները: ԿԲ նախագահը հորդորում է զերծ մնալ   գումար աշխատելու գայթակղությունից ու քաղաքացիներին հորդորում է սպասել: Չենթարկվողները խիստ են պատժվելու, մի քանի տասնյակ վարույթներ են սկսել։

Արթուր Ջավադյանը  դեռ փակագծերը չի բացում, սակայն նրա հայտարարությունները սպառնալիքների նման են հնչում՝  բավականին պատկառելի գումարով կտուգանվեն փոխանակման կետերը,  կպատժվեն նաև առևտրային բանկերը։

ԿԲ նախագահը անտրամաբանական է համարում հայտարարությունները, թե շոկային փուլերում Հայաստանից մեծ քանակությամբ դոլար է դուրս եկել ու փոխանցվել Ռուսաստան: Փոխարեժքի տատանումները ազդեցին ներմուծված ապրանքների գների վրա, որոնք մեր սպառռողական շուկայի 37 տոկոսն են կազմում: Փոխարժեքի տատանումը կբերի լրացուցիչ՝ 1,5-2 տոկոս գնաճի, իսկ ընդհանրապես, գնաճն ինչպես այս, այնպես էլ հաջորդ տարի նախանշված՝ 4+ — 1,5 շրջանակներում կլինի:

Back to top button