ԿարևորՔաղաքական

Հայաստանն առաջարկում է դեկտեմբերի 9- ը հայտարարել բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Վաթսունվեց տարի առաջ՝ 1948 թ. դեկտեմբերի 9-ին, Միավորված ազգերի կազմակերպությունն ընդունեց ծագումով հրեա պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինի մշակած «Ցեղասպանության հանցագործության կանխման եւ նրա համար պատժման մասին կոնվենցիան»:

Հայաստանում դեկտեմբերի 9-ը օրենսդրորեն բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակի օր  հայտարարելու վերաբերյալ առաջարկությունը արդեն դրված է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի օրակարգում: Նույն հանձնաժողովն այսօր կազմակերպել էր լսումներ, որի ընթացքում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ որը մինչեւ 2015-ի մայիս-հունիս ամիսները բանաձեւը կընդունվի։ Այդ փաստաթղթով Հայաստանի խորհրդարանը դատապարտելու է ոչ միայն Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, այլեւ մյուս ժողովուրդների, մասնավորապես՝ հույների եւ ասորիների ոչնչացումը:

« Յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է, երբ թաղում ենք վերջին զինվորին եւ երբ պատժում են վերջին հանցագործին: Սրան կավերացնեմ եւս մեկ բան՝ երբ անցյալի էջը շրջում են եւ երբ ապաշխարհում են մեղավորները»,- հայտարարեց Համաուկրաինանական հրեական կոնգրեսի նախագահ, Եվրոպական հրեական պառլամենտի համանախագահ Վադիմ Ռաբինովիչը։ Նա հույս հայտնեց, որ իր լուման կներդնի հարեւանների հաշտեցման գործում եւ խոստացավ ամեն ինչ անել Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի համոզմամբ՝ Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը անարդյունավետ չէ:  Պատմությունը չի մոռացվում, առավել եւս այս պատմությունը ծնեց Շառլ Ազնավուրին, Անրի Վեռնոյին, Քըթրք Քըրքորյանի, Միշել Լեգրանին եւ հազարավոր այլ անհատներին:

«Ցեղասպանության հետեւանքներն այսօր շարունակվում են: ՀՀ սահմանները փակ են, Թուրքիան տարեկան մեզ հասցնում է միլիարդավոր դոլարների վնաս։ Եթե այսօր խոսում ենք միջազգային իրավունքի տեսակետից, ժամանակն է, որ Թուրքիան այսօր պատասխան տա սահմանները փակելու եւ ՀՀ-ին տնտեսապես ճնշելու համար»,- հայտարարեց Հրանուշ Հակոբյանը։

Լսումների ժամանակ կարծիք հնչեց, որ Թուրքիային առաջիկայում լուրջ խնդիրներ են պսասում, քանի որ այնտեղ ինքնության ճգնաժամ է։

Back to top button