Հասարակություն

Լավրենտի Բարսեղյանին կհուղարկավորեն քաղաքային պանթեոնում

Մանկավարժական համալսարանի Թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ, Էրեբունի, Սարդարապատ թանգարանների, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, ԽՍՀՄ նախարարների խորհրդի և ՀՀ պետական մրցանակների դափնեկիր, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Բարսեղյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 12:00-14:00, Կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, Երևանի քաղաքային պանթեոնում, հայտնում են կառավարական հանձնաժողովից։

Լավրենտի Բարսեղյանն իր մահկանացում կնքել է դեկտեմբերի 6-ին։

Լավրենտի Բարսեղյանը 1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։

1968-1972 թթ. ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի (Դսեղ) վերականգնման աշխատանքները:

1973-1978 թթ. եղել է ՀԽՍՀ մշակույթի նախարարության մշակութալուսավորչական հիմնարկների վարչության պետ:

1978-1985 թթ.` Հայաստանի ազգագրության պետական թանգարանի տնօրեն,

1984-1985 թթ. միաժամանակ՝ Հայաստանի պատմության պետական թանգարանի  տնօրեն:

1988-1991 թթ. ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետն էր,

1992-1995 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահի ընդհանուր հարցերի գծով տեղակալը:

Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ էր։ Նրա աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական և աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփմանը, Հայոց ցեղասպանությանը:

Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ԳԱ նախագահության անդամ (1998 թվականից) էր, «Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (2003 թվականից):

Մինչև կյանքի վերջին օրը Լավրենտի Բարսեղյանն աշխատել է Մանկավարժական համալսարանում և իր փորձն ու գիտելիքների անսահման պաշարը փոխանցել ուսանողներին:

 

Back to top button