Քաղաքական

Անուշ Սեդրակյան. Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը վերաբերող խորհրդարանական լուրջ քննարկումներ չեղան

Կարեն Ղազարյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

 Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը վերաբերող խորհրդարանական քննարկումներին անդրադառնալով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրայանն այսօր մտահոգություն է հայտնել փաստի առթիվ, որ 1500 էջանոց փաստաթղթի վերաբերյալ կազմակերպվել է քննարկում՝ կարճ ժամանակում եւ առանց նախնական դեբատների, կարծիքների հրապարակման ու քննարկումների: Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ այն, ինչ տեսանք ԱԺ-ում, ցավալի է, քանի որ տեսանք, որ Հայաստանը չունի նպատակաուղղված արտաքին քաղաքականություն: ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ տեսակետներին այսօր հակադարձել է Հանրապետական պատգամավոր Արտակ Դավթյանը:

 

 

Անուշ Սեդրակյանը կարծում է, որ լուրջ քննարկումներ ու փորձագիտական կարծիքների հրապարակումներ չեն եղել: Նրա գնահատմամբ՝ հնչեցին պարզապես մի քանի, նրա բնորոշմամբ, թույլ փաստարկներ այն մասին, որ ԵՏՄ-ն կարող է պոտենցիալ շահութաբեր լինել Հայաստանի համար: Ընդ որում, ընդդիմադիր գործչի ձեւակերպմամբ, չֆիքսվեց անգամ այն հանգամանքը, որ ԵՏՄ-ի գլխավոր հենասյունը՝ Ռուսաստանն այսօր գտնվում է շատ ծանր տնտեսական վիճակում, ինչը կանխատեսելի էր:

«Մենք կարող էինք չխաբել հանրությանը, որովհետև հանրությանը անընդհատ ներշնչում էին, թե լուծում ենք անվտանգության  ու տնտեսական բարգավաճման խնդիր, սակայն երկուսն էլ մեր աչքի առաջ փլվեցին՝ մեկը ուղղաթիռի վերացնելով, մյուսն էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում տնտեսությունում»:

Մենք մտնում ենք մի տարածք, որը գոյություն չունի՝ հավելեց Անուշ Սեդրակյանը: Ըստ նրա՝ ԵՏՄ-ն քաղաքական ֆիկտիվ միություն է:

«Գտնվում ենք քաղաքական ֆիկտիվ միությունում, որի ոչ մի օգուտը ես չեմ տեսնում, իսկ վնասները՝ բոլորս ենք տեսնում»:

Հանրապետական պատգամավոր, Ազգային ժողովի կրթության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին, մինչդեռ, նման մոտեցումները դուր չեն գալիս: Նա ասաց, թե չի կարելի ցանկացած բան բացարձականացնել:

Արտակ Դավթյանը պարզաբանեց նաեւ, թե ինչու է այդպես ասում. «Տարիներ առաջ ավելի բոցաշունչ ելույթներ էինք լսում, թե մեզ ընդամենը ազատություն է պետք, Արևմուտքը մեզ կօգնի, մեզ կտա ամեն ինչ, մի օր կարթնանանք՝ մեր գլխին երկնային մանանա կթափվի, բայց իրականությունը լրիվ այլ էր: Անցած 23 տարիները ապացուցեցին. ազատություն՝ առանց որևէ բարեկեցության, առանց որեւէ տնտեսական հեռանկարի»:

Արձագանքելով տիկին Սեդրակյանին, թե ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ քննարկումներ չեղան, Արտակ Դավթյանն ասաց, թե բազմաթիվ քննարկումներ եղել են. «Չեմ կարծում, թե այնպիսի աշխարհացունց մտքեր, որ պիտի լսեինք, չենք լսել»:

Իսկ ահա, Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի գնահատմամբ՝ անցած տարիներին Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունն ու խորհրդարանում տեղի ունեցածը մատնացույց է անում, որ Հայաստանը չունի նպատակաուղղված արտաքին քաղաքականություն.

«Մեծամասնությունը, որը 3.5 տարի եվրոասոցացում էր գնում եւ մեծ համոզմունքով հիմնավորում էր, թե ինչու պետք է եվրոպական ասոցացման եւ ազատ առեւտրի պայմանագիր ստորագրենք, այսօր նույն համոզվածությամբ 180 աստիճան հակառակ դիրքորոշումն է արտահայտում, այն էլ՝ մի գիշերվա մեջ ընդունված, իրենցից անկախ»:

Back to top button