Քաղաքական

Ի՞նչ է ասել դեսպանը Ամերիկյան համալսարանում. Ռումինիայի ԱԳՆ- ն հետ է կանչել Սորին Վասիլեին

Ռումինական լրատվամիջոցները հաստատում են «Արմենպրեսի» տեղեկությունը, որ Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեն կանչվել է Բուխարեստ` բացատրությունների համար։ Դեսպանին հետկանչի պատճառը նրա կողմից Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայոց ցեղասպանության վերաբերյալ արված անհարգալից և կողմնակալ հայտարարություններն են, որոնք բացահայտ հակասեմական և հոմոֆոբիական բնույթ են կրել:

Չնայած դեսպանը Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչության պահանջով` հայ ժողովրդից հրապարակային ներողություն պարունակող պարզաբանում է հրապարակել` դիվանագիտական այս սկանդալը նոր զարգացում է ստացել:

Ռումինական «Աջերպրես» ազգային պետական գործակալությունը հրապարակել է Ռումինիայի արտաքին գործերի նախարարության առանձին հայտարարությունը, որով ԱԳՆ- ն «խստորեն դատապարտել և քննադատել է ՀՀ-ում այդ երկրի դեսպան Սորին Վասիլեի հակասեմական և այլատյաց հայտարարությունները, ով շտապ կանչվել է Ռումինիայի ԱԳՆ` բացատրություններ տալու համար»։

Ի՞նչ է ասել դեսպանը Ամերիկյան համալսարանում

Նոյեմբերի 19- ին Հայաստանի ամերիկյան համալսարանում դասախոսության ժամանակ դեսպան Վասիլեն անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, ըստ news.am- ի, ասել է. «Ինչ վերաբերում է անցած դարի սկզբի իրադարձություններին, ապա դա շատ բարդ հարց է: Դուք կարո՞ղ եք ասել՝ ինչ է իրենից ներկայացնում բարոյականությունը: Զույգերից ո՞րն է նորմալ. տղամարդուց եւ կնոջից բաղկացած զո՞ւյգը: Եւ արդյոք նույնասեռականությունը նորմալ կամ բարոյակա՞ն է: Ձեզ համար դա վիճելի հարց է, իսկ նույնասեռակաների համար՝ ընտանիքի գերազանց ձեւ: Նայեք Ուկրաինային. Լուգանսկին եւ Դոնբասին: Ես միշտ փորձում եմ տեղեկությունը կարդալ երեք աղբյուրներից- ընդգծել է Սորին Վասիլեն:

Ըստ news.am- ի դեսպանը հստակեցրել է. եթե լսենք ռուսական հեռուստատեսությանը, ապա Դոնբասի ապստամբության մարտիկ դառնալու ցանկություն է առաջանում, եթե դիտում ենք ուկրաինական հեոուստատեսություն՝ ուկրաինական բանակի մարտիկ դառնալու ցանկություն։

«Սա շատ բարդ հարց է, քաղաքականությունն ու աշխարհաքաղաքականությունը մաթեմատիկա չեն: Ես չեմ ասում՝ ով է սխալ եւ ով է ճիշտ, որովհետեւ ես դրա իրավունքը չունեմ: Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը»,- նկատել է դեսպանը։

«Ես 1915-ի դեպքերը կամ Ցեղասպանությունը չեմ համեմատել ինչ-որ բանի հետ: Շատ կարեւոր է, թե ինչպես են լրատվամիջոցները ներկայացնում իրադարձությունները, քանի որ նրանք շատ կարեւոր դեր են խաղում ժողովրդավարությունում: Լրատվամիջոցները երկրի 4-րդ իշխանությունն են: Վաղ թե ուշ, Հայաստանն ու Թուրքիան շփման եւ բանակցությունների համար ընդհանուր ուղի կգտնեն: Առաջին քայլը այդ ուղղությամբ 2009-ին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր»,-ասել է դեսպանը՝ հավելելով, որ իր գործն է աշխատել Հայաստանի եւ Ռումինիայի հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ, հայտնել էր news.am- ը։

Back to top button