Հասարակություն

Ադրբեջանում թշնամական լեզուն նախեւառաջ կիրառվում է հայերի նկատմամբ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Այսօր ներկայացվել է հոկտեմբեր ամսին կատարված «Հարավային Կովկասի երկրների մամուլում ատելության լեզվի վերաբերյալ» հետազոտության արդյունքները: Հետազոտությունն իրականացվել է 3 երկրներում՝ Ադրբեջան, Վրաստան Հայաստան, ուսումնասիրվել են յուրաքանչյուր երկրում 6-ական լրատվամիջոց: Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նկատել է, որ չնայած տեղի ունեցող զարգացումներին՝ տեղեկատվական պատերազմներով հարուստ ժամանակաշրջանը այնքան էլ մեծ ազդեցություն չի ունեցել հետազոտված երկրների մամուլում:

Վերջին 2 տարիներին պարբերաբար  տեղեկատվական պատերազմների տարբեր դրսևորումների ականատեսն ենք դառնում: Պատճառը թերևս հիմնականում Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումներն են ու Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրումը: Այս հակամարտության մեջ, իհարկե, տեղեկատվական դաշտը մեծ դերակատարություն ունի, սակայն երբ լրատվությունը վերածվում է ակնհայտ քարոզչության, դառնում է վտանգավոր թե հասարակությանը իրազեկելու տեսանկյունից, թե մասնագիտական առումով:

Նման պարագայում բնականաբար գլուխ է բարձրացնում ատելության և թշնամության լեզուն՝ հասնելով ահռելի ծալավների: Երևանի մամուլի ակումբը «Դելչե վելե» ակադեմիայի հետ միասին հոկտեմբեր ամսին կատարել են հետազոտություն՝ պարզելու, թե Հարավային Կովկասի երկրների մամուլում ինչ ծավալների է  հասնում այդ ատելության լեզուն և հիմնականում ում նկատմաբ:

Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը ներկայացնելով արդյունքերը նշեց, որ հետազոտությունն իրականացրել են Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում: Ըստ նրա՝ թեև այդ երկրները անմիջական ներգրավվածություն չեն ունեցել նշված հակամարտություններում, այնուամենայնիվ չէին էլ կարող անմասն մնալ այդ զարգացումների տարաբնույթ լուսաբանումներից։ «Որպես թշնամության լեզու մենք վերցրել ենք այն ձևակերպումը, որ կա Եվրոպայի խորհրդի կողմից մշակված, այն է՝ էմոցիոնալ, բացասական երանգներ պարունակող հրապարակումները կամ ձևակերպումները, որոնք միտված են այս կամ այն խմբերի խտրականության, բռնության կոչերին»։

Եվ այսպես՝ Ադրբեջանում թշնամական լեզուն հիմնականում կիրառվում է  էթնիկ խմբերին վերաբերող հրապարակումներում: Ատելության լեզուն առավել ընդգծված է տպագիր մամուլում՝  հատկապես հայերին վերաբերող հրապարակումներում:  Երկրորդ տեղում են ներքին քաղաքականությանը վերաբերող հրապարակումները, երրորդում՝ միջազգային կառույցներին և հարաբերություններին նվիրված նյութերը։

«Հայաստանում, թշնամության լեզուն հիմնականում գերակշռում է ներքին քաղաքական հակասություններին: Հոկտեմբերին, երբ իրականացվում էր հետազոտությունը, հիմնականում կապվում էր Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակելու և Շանթ Հարությունյանին դատապարտելու համատեքստում»,- ասում է։։

Թեմատիկ առումով երկրորդ տեղում են էթնիկ խմբերին վերաբերող հրապարակումները, երրորդում՝ միջազգային կառույցներին և հարաբերություններին նվիրված նյութերը: Հայաստանյան լրատվամիջոցների գրեթե նույն պատկերն են արտացոլում նաև Վրաստանում կատարված հետազոտությունները։

Վերլուծելով այս ամբողջ պատկերը՝ Բորիս Նավասարդյանը նկատեց, որ չնայած տեղի ունեցող զարգացումներին՝ տեղեկատվական պատերազմներով հարուստ ժամանակաշրջանը այնքան էլ մեծ ազդեցություն չի ունեցել հետազոտված երկրների մամուլում: Սա հետազոտության դրական կողմն է: Բացասականն այն է, որ հարևան երկրների ներկայացուցիչների նկատմամբ լարվածությունը չի նվազում, ավելին՝  աճում է: Բորիս Նավասարդյանը չի բացառում, որ ժամանակի ընթացքում դա կարող է նույնիսկ միտում դառնալ։

 

Back to top button