Հասարակություն

Նպաստավոր պայմաններ Հացիկի երեխաների մտավոր կարողությունների զարգացման համար

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիր

Արմավիրի մարզի Հացիկ գյուղի միջնակարգ դպրոցի 2-րդ եռահարկ մասնաշենքը հիմնանորոգվում է  «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախաձեռնությամբ, որտեղ ստեղծվելու են  նպաստավոր պայմաններ երեխաների մտավոր կարողությունների զարգացման համար: Մինչև մասնաշենքի շահագործումը Հացիկի դպրոցում բացվել է ստեղծագործարան՝ հագեցած նորագույն տեխնոլոգիաներով:

 

 

Արմավիրի մարզի Հացիկ գյուղի ամբողջությամբ վերանորոգված դպրոցը շատ շուտով կընդունի իր հիմնական տերերին՝ աշակերտներին, որոնք անհամբերությամբ են սպասում 2-րդ եռհարկանի մասնաշենքի բացմանը: Գեղեցիկ դասասենյակներ, հերմետիկ փակվող դռներ ու պատուհաններ, նոր գույք և ջեռուցում, սրանք այն ամենն  են  ինչը նպաստում է գյուղաբնակ երեխաներին  ուսման նկատմամբ ավելի շահագրգիռ գտնվելու և հաջողությունների հասնելու գործում: Հայաստանի մանուկներ հիմնադրամը գյուղական բնակավայրերի համապարփակ  զարգացման ծրագրերի իրագործումը սկսելով Արմավիրի մարզի  Քարակերտ համայնքից, գրեթե տասը տարվա ընթացքում ընդլայնել է գործունեության շրջանագիծը, իսկ  շուրջ 2 տարի աշխատանքներ է տանում Հացիկ գյուղում:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի տնօրեն Անուշ Եդիգարյանը տեղեկացրեց, որ իրենք ծանոթանալով համայնքի խնդիրներին և առանձնահատկություններին փորձեցին համագործակցել՝ իրականացնելով կրթական, առողջապահական սոցիալ-հոգեբանական աջակցության  ծրագրեր: Ենթակառուցվածքներից առաջնահերթությունը տրվեց դպրոցին:

Հացիկի միջձնակարգ դպրոցը  կառուցվել է 1960 թվականին,  ունի երկու մասնաշենք 312 աշակերտով: Հիմնանորոգման պատճառով դպրոցի առաջին մասնաշենքում դասերը կազմակերպվում են երկհերթ: Հացիկի միջնակարգ դպրոցի տնօրեն Համլետ Մկրտչյանը ներկայացնելով Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ ունեցած համագործակցությունը, նշեց, որ երեխաները մեկ տարվա ընթացքում սովորելով անգլերեն լեզուն, այժմ կարողանում են միմյանց հետ հաղորդակցվել երկրորդ օտար լեզվով:

Մինչև դպրոցի 2-րդ մասնաշենքի բացումը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը գործընկեր կազմակերպության միջոցով բացել է ստեղծագործարան, որը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով՝ էլեկտրոնային գրատախտակով, համակարգիչներով, շարժական հատուկ կահույքով:  Նորաբաց կրթասրահը խթանելու է երեխաների շրջանում ստեղծագործական հմտությունների  ձևավորմանը և զարգացմանը: Նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ երեխաները կկարողանան ստանալ բազմակողմանի լրացուցիչ գիտելիքներ ուսուցանվող  տարբեր առարկաների վերաբերյալ, կկազմակերպեն քննարկումներ, դասախոսություններ, ստեղծագործական և մտավոր զարգացմանն ուղղված խաղեր: Դպրոցի բարեկարգ ու բարեկեցիկ պայմանները շատ բան կորող են փոխել համայնքի կյանքում:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը «Աառողջ ապրելակերպ» և «Առողջ դպրոց»  զուգահեռ իրականացվող ծրագրի միջոցով նպաստելու է երեխաների առողջության պահպանմանը, որտեղ կարևորվում է ֆիզկուլտուրայի կանոնավոր դասընթացների անցկացումը, առողջ սնունդը, ճաշարանների, սանհանգույցների առկայությունը, ատամների  խնամքը:

Հացիկի միջնակարգ դպրողի 2-րդ մասնաշենքը շահագործման կհանձնվի ուսումնական տարվա 2-րդ կիսամյակին:

Back to top button