Միջազգային

Հռոմի պապը Թուրքիայի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ հանդուրժողականության կոչ է արե

Հռոմի Ֆրանցիսկ պապը մահմեդական երկիր կատարած հազվադեպ այցի առաջին օրը Թուրքիայի առաջնորդների հետ հանդիպումներում կոչ է արել կրոնական հանդուրժողականություն ցուցաբերել և երկխոսություն սկսել` հակահարված տալու ծայրահեղականությանը Միջին Արևելքում:

Ինչպես փոխանցում է CNN-ը` ելույթ ունենալով Անկարայում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ` Ֆրանցիսկոս պապը բոլոր դավանանքների մարդկանց կոչ է արել հարգանք ցուցաբերել մարդկային կյանքի, արժանապատվության և կրոնական ազատության հանդեպ:

«Մոլեռանդությունն ու արմատականությունը, ինչպես նաև՝ անխոհեմ մտավախությունները, որոնք նպաստում են թյուրըմբռնմանը և խտրականությանը, պետք է հակադարձվեն բոլոր հավատացյալների աջակցությամբ և միասնությամբ», — ասել է պապը:

«Ահաբեկչական բռնությունը թուլացման որևէ հեռանկար ցույց չի տալիս Իրաքում և Սիրիայում, որտեղ շարունակվում են քրիստոնյաների և եզդի փոքրամասնության հալածանքները: Հարյուր-հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տներն ու երկիրը` ապրելու և իրենց կրոնական հավատքին հավատարիմն մնալու համար», — հավելել է Ֆրանցիսկը:

Միաժամանակ Հռոմի պապն ընդգծել է, որ Թուրքիան «մեծ պատասխանատվություն» է կրում իր պատմության և աշխարհագրական դիրքի պատճառով և կարող է օգնել միավորել տարբեր համայնքներ և ճանապարհ բացել խաղաղության համար:

Ֆրանցիսկը կհանդիպի նաև ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի հետ և կբանակցի Թուրքիայի կառավարությանն առընթեր կրոնական գործերի վարչության ղեկավար Մեհմեթ Գյորմեզի հետ:

Թուրքիա իր առաջին եռօրյա այցի շրջանակում Ֆրանցիսկոսը կհանդիպի նաև Ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ: Այս այցը նպատակաուղղված է ոչ միայն քույր եկեղեցիների միջև կապերն ամրացնելուն, այլև` կրոնական տարաձայնությունները հաղթահարելուն:

Back to top button