Միջազգային

«Նոր ալիք»-ը Յուրմալայից կտեղափոիվի

«Նոր ալիք» միջազգային մրցույթի ղեկավարությունը մինչեւ 2014թ-ի վերջ հստակ որոշում կկայացնի, թե մյուս տարի որտեղ պետք է անցկացվի նախկինում Յուրմալայում անցկացված «Նոր ալիք» մրցույթը։ Թեկնածու վայրերի թվում են Ղրիմը, Սոչին, Բաքուն, Կալինինգրադն ու Կազանը։ «Մենք բոլոր տարբերակները քննարկում ենք, եւ ես մինչեւ տարվա վերջ պետք է որոշում կայացնեմ, որպեսզի հասցնենք մյուս մրցույթի կազմակերպչական աշխատանքները ճիշտ ժամանակին կատարել»,-ասել է մրցույթի նախագահ Իգոր Կրուտոյը։ Իր հերթին հայտնի երգահան Ռայմոնդ Պաուլսը, ով Կրուտոյի հետ միասին այս նախագծի հեղինակներից մեկն է, հաստատել է, որ պետք է փոխել մրցույթի անցկացման վայրը.

«Այդպես էլ պետք է լիներ, որովհետեւ այստեղ (Լատվիայում) շատերը, բայց ոչ բոլորը, բացասաբար են վերաբերում «Նոր ալիքին»։ Կարծում եմ, որ շատ  ճիշտ որոշում է։ Չեն ցանկանում, որ Լատվիայում անցկացվի, այդպես էլ կլինի»,-ասել է երգահանը։

Նշենք, որ այս որոշման դրդապատճառն այս տարի տեղի ունեցած սկանդալային պատմություններ էին, երբ մրցույթի նախօրեին Լատվիայի ԱԳՆ թույլ չէր տվել ռուսական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներին, այդ թվում՝ Իոսիֆ Կոբզոնին, Օլեգ Գազմանավին եւ Վալերիային, մուտք գործել երկիր։

Back to top button