Պաշտոնական

Փարիզում հանդիպեցին Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԺ նախագահները

Ֆրանսիայի ԱԺ նախագահ Կլոդ Բարտոլոնը նոյեմբերի 24-ին ընդունել է ԱԺ նախագահ
Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությանը: Ֆրանսիայի Ազգային ժողովում
Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ
նշել, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունները առանձնահատուկ տեղ են զբաղեցնում
Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Նրա խոսքով՝  այդ հանգամանքը
պայմանավորված է միջազգային ասպարեզում Ֆրանսիայի ծանրակշիռ դերով, ինչպես
նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ձեւաչափում ԵԱՀԿ Մինսկի
խմբի համանախագահող երկիր լինելու փաստով: Գալուստ Սահակյանը հանդիպման
ընթացքում փաստել է, որ Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների
զարգացման հարցում լուրջ գործոն են նաեւ երկու ժողովուրդների պատմամշակութային
բազմադարյան կապերը: «Անհնար է անտեսել նաեւ այն փաստը, որ Ֆրանսիան աշխարհում
առաջին երկիրն է, որը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է օրենքի ուժով»,- նշել
է Գալուստ Սահակյանը: Խոսելով միջխորհրդարանական համագործակցության մասին՝ ԱԺ
նախագահը մասնավորապես նշել է. «Երկու երկրների միջեւ միջպետական
հարաբերությունների զարգացման գործում կարեւոր դերակատարություն ունի
միջխորհրդարանական սերտ համագործակցությունը: Այս առումով հարկ եմ համարում
ընդգծել Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում ձեւավորված հայ-ֆրանսիական
բարեկամական խմբերի արդյունավետ գործունեությունը»:

Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը
շնորհակալություն է հայտնել Գալուստ Սահակյանին աշխատանքային այցով
Ֆրանսիայում գտնվելու համար: Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Ֆրանսիայում հայկական մեծ
համայնքի առկայությունը՝ բաղկացած շուրջ կես միլիոն հայերից: Կլոդ Բարտոլոնը
վերահաստատել է այն միտքը, որ Արցախյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ
ճանապարհով՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:

Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Գալուստ
Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահին հրավիրել է Հայաստան՝
մասնակցելու 2015 թվականի ապրիլին կայանալիք միջոցառումներին:

Նույն օրը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Փարիզում մասնակցել է «Հայաստանը՝
որպես մուտք դեպի Եվրասիական տնտեսական միության շուկա»  խորագրով տնտեսական
համաժողովին:

Back to top button