Հասարակություն

Տեխնածին պատահարների դեպքերն աճել են 85 տոկոսով

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

2004 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է 9525 արտակարգ դեպք-պատահար, որոնց պատճառով զոհվել է 445, տուժել՝ 6702 մարդ։ Արտակարգ դեպք-պատահարների աճը հիմնականում տեխնածին են: ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Խանգելդյանը տեղեկացրեց, որ 869 դեպքով աճ է արձանագրվել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ունեցանք 85%-ով դեպքերի աճ՝ միայն տեխնածին: Ընդհանուր առմամբ՝ աճի մեջ լուրջ ցուցանիշներ չգրանցվեցին, քանի որ դրանք հիմնականում հրդեհների դասում էին և խոտածածկ տարածքներում ոչ վտանգավոր հրդեհների թվում են դրանք գրանցվել»,- ասում է գնդապետ Շանգելդյանը։

ԱԻՆ ներկայացուցիչը միաժամանակ տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում շատ էին նաեւ տարերային վտանգավոր երևույթները: Մասնավորապես, արձանագրվել է  ուժեղ քամու 111 դեպք, ինչը աննախադեպ էր:

Փրկարարի գնահատմամբ՝ արձանագրված դեպքերի՝ հրդեհների, ՃՏՊ-ների և թունավորումների գերակշռող մեծամասնությունը գրանցվել է Երեւանում:

ԱԻՆ Ճգնաժամային  կառավարման կենտրոնի պետի փոխանցմամբ՝  այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում աճել է նաեւ ծառայության ստացած ահազանգերի թիվը՝ 1 մլն 117 հազ զանգ է գրանցվել: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ զանգերի թիվն աճել է 77 հազարով: «Այս 9 ամիսների ընթացքում փրկարարներին հաջողվել է 133 մարդու կյանք փրկել, ինչը 21-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Այս տարի հրդեհներից մենք ունեցանք 24 զոհ, 7-ի կյանքը հաջողվել է փրկել»:

Հովհաննես Խանգելդյանի խոսքով՝ ամենաանհանգստացնողը շարունակում են մնալ ՃՏՊ-ները, որոնց արդյունքում են հիմնականում լինում զոհեր: Ամենախոշորն ու անցանկալի դեպքն էլ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարն էր։

ԱԻՆ ներկայացուցիչը նաեւ հայտնեց, թե զավեշտալի զանգեր նույնպես լինում են: Օրինակ, երբ քաղաքացիները առնետ կամ միջատներ են տեսնում, զանգում, կանչում են, նույնիսկ շորերը լվացքի պարանին փաթաթվելու դեպքի համար է զանգ գրանցվել, տեղեկացրեց պատասխանատու փրկարարը՝ շեշտելով, որ ծառայությունը որդեգրել է քաղաքականություն, որի համաձայն չկա մեծ ու փոքր աղետ, ուստի իրենք արձագանքում ենք յուրաքանչյուր կանչի:

 

Back to top button