Քաղաքական

Հայաստանում է Վրաստանի ԳՇ պետը

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հրավերով նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն:

Երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի միջև կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության ընթացքը և հեռանկարները: Կողմերը բարձր են գնահատել հայ-վրացական պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը, ընդգծելով, որ այն ոչ միայն նպաստում է երկու հարևան պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական կարողությունների զարգացմանը, այլև իր ուրույն ներդրումն է կատարում հարավկովկասյան տարածաշրջանում կայունության պահպանման գործում: Հանդիպման արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ երկկողմ ռազմական համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Գեներալ-մայոր Վ.Կապանաձեի հետ առանձնազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգության և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշել է, որ իր երկիրը բարձր է գնահատում պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը, վստահ լինելով, որ առկա են բոլոր նախադրյալներն այն ընդլայնելու և ավելի արդյունավետ դարձնելու համար:

Հայաստանում գտնվելու ընթացքում գեներալ-մայոր Վ.Կապանաձեի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Back to top button