Հասարակություն

Սեպուհ զորավարի փափագն ի կատար է ածվել 75 տարի անց

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

ՀՀ պաշտպանության նախարարության հովանավորությամբ Հայաստան է տեղափոխվել 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ժողովրդի մղած ազգային ազատագրական պայքարի, ապա Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի կայացման նվիրյալ, ռազմական ու պետական գործիչ Զորավար Սեպուհի՝ Արշակ Ներսիսյանի աճյունասափորը: Արդեն ընթերցողի սեղանին է դրվել նրա կյանքին ու գործունեությանը նվիրված  պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանի հեղինակած մենագրությունը: Վաղն էլ Եռաբլուրում կամփոփվի զորավարի աճյունը:

 

 

Չնայած իր ապրած հերոսական կյանքին, որն էլ պսակվել է միայն ու միայն հաղթանակներով, այնուամենայնիվ  զորավար  Սեպուհի (Արշակ Ներսիսյանի) մասին քչերը գիտեն: Հայ ազատագրական շարժման գործիչ, Էրզրումի նահանգի Բաբերդի գավառակում ծնված Զորավար Սեպուհն իր ամբողջ կյանքով այրվել է  հայոց ազատագրության սրբազան խորանի վրա: Պատանեկության տարիներից նետվել է հայդուկային շարժման գիրկը, որտեղ էլ կրել է փայլուն հաղթանակների դափնիները:   Առաջին աշխարհամարտի սկզբին 21 հոգուց բաղկացած խմբով միացել է Անդրանիկին: Եղել է հայկական 1-ին կամավորական գնդի 2-րդ վաշտի հրամանատար:

Սեպուհ զորավարը մեկն էր նրանցից, ով կազմակերպեց մայիսյան հերոսամարտերը: Անկախության ազատության նվիրյալներից էր: Մասնակցել է 1918 թվականի Սարդարապատի ճակատամարտին, ապա օգնության գնացել Բաքվում կռվող հայկական ուժերին: Հայաստանի խորհրդայնացումից հետո մեկնել է Կ.Պոլիս, ապա Ամերիկա: 1940 թվականին ՝մահից առաջ,  թողել է կտակ, որտեղ էլ հայտնել է իր փափագը՝ այրել իրեն, աճյունն էլ տեղափոխել Հայաստան: 75 տարի անց զորավարի փափագն ի կատար է ածվել: Աճյունասափորը Հայաստանի պաշտպանության նախարարության հովանավորությամբ և հարազատների աջակցությամբ  արդեն Հայաստանում է և վաղն այն կամփոփվի Եռաբլուրում կառուցված հուշարձանի խորշում:

Սեպուհ զորավարի հերոսական  կերպարն օրինակելի է մեր մատաղ սերնդի համար, ասում է  Մայր Հայաստան զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը և նշում, որ աճյունասափորի ամփոփումը Հայաստանում կարևոր է նրանով, որ այն միախառնվում է արդեն արցախյան պատերազմի  մերօրյա  հերոսների  հետ:  Զորավարի զարմիկ  Մարտիրոս Անաստասյանի խոսքով՝ Սեպուհի ցանկությունը ոչ միայն պատերազմի միջոցով Հայաստանին ազատություն պարգևելն էր, այլև վերջինիս նպատակներից էր հայապահպանումը: Բաբերդում բացել է հայկական դպրոց, քանի որ թուրքի դեմ մեր զորավոր դեմքը հայկական դպրոցն է:

Սեպուհի թոռ Էդվարդ Պիրանյանն էլ շնորհակալ է Հայաստանի  կառավարությանը պապի ցանկությունը 75 տարի հետո ի կատար ածելու համար:  Նրա խոսքով՝զորավարը  լավ հայր է եղել  իր մոր և մյուս մորեղբայրների համար:

Այսքան տարի սպասել ենք, քանի որ մորեղբայրներս  համաձայն չէին  աճյունի տեղափոխման հետ և կարծում էին, որ դեռ դրա ժամանակը չէ: Սակայն մայրս, գիտակցելով որ արդեն մեծանում է, ինքը որոշեց որ այս հարցին լուծում տա: Նախաձեռնությունը նրանն է:

Back to top button