ԿարևորՔաղաքական

Շարմազանով. Միջազգային արձագանքները քայլ առաջ էին

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայկական ուղղաթիռի միջաժեպի հետ կապված միջազգային դատապարտումներում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատել է Ադրբեջանի հասցեին հստակ մեղադրանքներ։

« Չեմ կարծում, որ այդ դատապարտումը այն ձեւաչափն էր, որը անհրաժեշտ էր: Եղան արձագանքներ, որտեղ, չխախտելով դիվանագիտական կոռեկտությունը, մենք տեսնում էինք, որ հստակ մեղադրանք կա Ադրբեջանի հասցեին: Չեմ կարծում, որ այս արձագանքները նման էին նախորդ արձագանքների, որտեղ ընդհանրապես հավասարության նշան էր դրվում հակամարտող կողմերի միջեւ: Այս հայտարարությունները քայլ առաջ էին, բայց ես կարծում եմ, որ պահելով ամեն դեպքում դիվանագիտությունն ու կոռեկտությունը կային հայտարարություններ, որոնք ավելի խիստ պետք է լինեին»,- «Ռադիոլուրին» ասել է ԱԺ փոխխոսնակը։

Միաժամանակ՝ ԱԺ փոխնախագահը գոհ է ՀԱՊԿ արձագանքից։  « Բորդյուժայի (ՀԱՊԿ գլխ. քարտուղար, խմբ.)  արձագանքը, կարծում եմ, բավականին ճիշտ էր, ամբողջական էր եւ ուղղված էր հստակ Ադրբեջանին, որովհետեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի արձագանքում, հայտարարության մեջ հստակ դատապարտվում էր ուղղաթիռի խփումը եւ խոսվում էր, որ սա անթույլատրելի է եւ կարող է հանգեցնել սրման: Այսինքն՝ կոնկրետ նշվում էր դեպքը: Եվ այդ իմաստով ես կարծում եմ, որ այո, ի տարբերություն որոշ նախորդ դեպքերի, ՀԱՊԿ-ը այս անգամ շատ հստակ արձագանքեց»։

Էդուարդ Շարմազանովը իրավիճակը համեմատել է այսբերգի հետ, երբ չերեւացող մասը ավելի վտանգավոր է: Այսիպիսով՝ նա հույս ունի, որ միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա շուտով ավելի կուժեղանա՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն իր այս գործողություններով մարտահրավեր է նետում թե ԵԱՀԿ ՄԽ-ին, թե միջազգային հանրությանն ընդհանրապես։

Back to top button