Տնտեսական

Գինեգործները խնդրում եւ ակնկալում են կառավարության օգնությունը

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայ գինեգործները հայտնվել են լուրջ խնդիրների առջեւ, հայտարարել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Մի կողմից դոլար-ռուբլի «պայքար»-ը, որը հայ արտադրողին դուրս է մղում իր ամենախոշոր՝ ռուսական շուկայից , մյուս կողմից՝ խաղողի այգիներում ֆիլոքսերիա հիվանդության տարածումը, որը առաջ է եկել պետական կառույցների «հանցավոր» անտարբերության հետեւանքով, աղետալի վիճակ է ստեղծել:

Խաղողի մթերումն այս տարի արդեն ավարտվել է: Պաշտոնական վիճակագրությունը խոսում է մթերման ծավալների եւ մթերող սուբյեկտների քանակի ավելացման, մթերման միջին գնի բարձրացման, գարեջրի, ոչ ալկոհոլային խմիչքների՝ համապատասխանաբար 37 եւ 36 տոկոսով աճի մասին: Սակայն Հայաստանի գինեգործների միության նախագահը, անցնող տարին ամփոփելով, խոսքը սկսում ու ավարտում է իրենց առջեւ ծառացած բազմապիսի խնդիրները թվարկելով, դրանց պատճառներն ու հետեւանքները մանրամասնելով: Հենց նրա փոխանցած տեղեկություններն էլ հակասում են պաշտոնական այսպես ասենք լավատեսական թվերին: Կոնյակի արտահանումը նվազել է, 9 տոկոսով էլ պակասել է կոնյակի, գինու արտադրությունը:

Գինեգործության ոլորտի խնդիրները սկսվում են խաղողագործներին պատուհասած հարցերով, հասնում մինչեւ արտահանման դաշտ: Նախ ցավալի փաստ՝ Արարատյան դաշտավայրում շարունակվում է խաղողի որթերի ֆիլոքսերիա վարակի լայն տարածումը, ինչը նշանակում է հեկտարներով խաղողի այգիների ոչնչացում: Վարակի դեմ պայքարի միակ եղանակը խաղողի այգիները արմատախիլ անելն է: Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը չի խուսափում մատնացույց անել իր բնորոշմամբ այս աղետալի վիճակի կոնկրետ մեղավորներին՝ պետական կենտրոնական ապարատը չի տիրապետում իրավիճակին, հայտարարեց նա: Հարությունյանն անգամ չի բացառում, որ կան կոնկրետ դեմքեր, ում այս իրավիճակը ձեռնտու է, ասենք՝ խմիչք ներկրողները:

Լրջագույն խնդիրների առջեւ են հայտնվել նաեւ գինեգործները: Հիշեցնեմ, նրանց արտահանման ամենախոշոր շուկան ռուսականն է՝ 70-75 տոկոս: Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը բացատրում է՝ ՌԴ-ում դոլար-ռուբլի «պայքարը» բերել է նրան, որ այն սուբյեկտերը, որոնք արտահանում էին ռուբլով, հիմա չեն ցանկանում վաճառել, իսկ այն սուբյեկտները, որոնք դոլարով էին վաճառում, չեն կարողանում գումար ստանալ ապրանքի դիմաց: «Վերջին երեսուն օրում ունենք ապրանքաշրջանառության 30 տոկոսով նվազում: Եթե ռուսական ռուբլին առաջիկա տասը-քսան օրվա ընթացքում չկայունանա, Հայաստանում տնտեսությունը, մասնավորապես, գինեգործությունը լուրջ վնասներ կկրի, կրկնվում է 1992-94 թթ., 2008 թ. սցենարը»,- ասում է Հարությունյանը: Սեպտեմբեր-դեկտեմբերին սովորաբար նկատվում էր Հայաստանից ալկոհոլի արտահանման աճ, սակայն այսօր ռուսական շուկայում տեղի ունեցող գործընթացները կասկածի տակ են դնում աճման տեմպերը:

Բացի փոխարժեքի տատանման առաջացրած խնդիրներից՝ այլ լրջագույն հարցեր էլ կան: Հայկական գինին էլ է կորցնում իր դիրքերը, ընդ որում՝ թե ռուսական, թե այս անգամ նաեւ եվրոպական շուկաներում՝ իր տեղը զիջելով լավ PR-ով ու մատչելի գնով շեշտակի առաջ մղված վրացական ու մոլդովական գինիներին: Նրանք նաեւ իրենց կառավարությունների աջակցությունն են վայելում: Իսկ մեր գինին ետ մղվեց 15 տոկոսով հաստատ, այդքանով պակասել են վաճառքի ծավալները. արձանագրում է Հարությունյանը: Ընդ որում՝ վրացիները հասել են նրան, որ ռուսներին իրենց մատակարարած ապրանքի գինը հանգիստ բարձրացնում են 20-30 տոկոսով, դրա արժեքը 100 տոկոս կանխավճարով են ստանում՝ առանց արժեզրկման առաջացրած խնդիրների, իսկ մերոնք ոչ միայն սպասում են, որ վաճառվի, հետո ստանան իրենց ապրանքի գինը, այլ ապրանքի գնի վերանայման անհրաժեշտության մասին էլ խիստ զգուշավորությամբ են տեղեկացնում:

Հարությունյանը մեր գինեգործներին առաջարկում է նոր շուկաներ փնտրել՝ իրենց հայացքն ուղղելով դեպի վայրիվերումներից զերծ երկրներ: Արդեն տարբեր ընկերություններ որպես այլընտրանք  ընտրել են Չիաստանը եւ եվրոպական մի շարք երկրներ: Բացի այդ, նրանք ակնկալում ու խնդրում են օգնություն մեր կառավարությունից: Գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ նման քննարկումներ դեռ չեն եղել, բայց Հարությունյանն այսօր մանրամասնեց, թե ինչով կարող է իրենց օժանդակել կառավարությունը: «Կարող են գոնե մեկ տարով հետաձգել ԱԱՀ վճարումը».-ասաց նա: Կարող են բանակցել ռուսական կողմի հետ: Կամ կարող են որոշակի օգնություն տրամադրել հումքի տեսքով, որ գինեգործների ֆինանսական խնդիրները մեղմվեն, գոնե աշխատավարձ վճարել կարողանանք, ասում է Հարությունյանը:

 

Back to top button