Մշակույթ

Սվետլանա Գրիգորյանին նվիրված հերթական գիրքն է լույս տեսել

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հակոբ  Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել հայ անվանի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի կյանքին ու բեմական գործունեությանը նվիրված հերթական գրքի շնորհանդեսը: Այս աշխատությունը Մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի արդեն 3-րդ գիրքն է, մատենաշարի առաջին գիրքը ևս նվիրված էր մեծանուն դերասանուհուն: Սվետլանա Գրիգորյանին նվիրված գիրք-ալբոմը հրատարակվել է դերասանուհու տաղանդի երկրպագու, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աջակցությամբ: 
Արվեստաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի յուրաքանչյուր թողարկում լայն արձագանք է ունենում արվեստագետների ու արվեստասերների շրջանում: Մատենաշարի հերթական՝ 14-րդ գիրքը  նվիրված է սիրված դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանին: «Ծիծաղի թագուհուն» առաջին անգամը չէ, որ Սերգեյ Առաքելյանն անմահացնում է: Սա արդեն մատենաշարի 3-րդ գիրքն է նվիրված սիրված դերասանուհուն:

«Մատենաշար հիմնադրելու գաղափարն ինձ հուշեց ակադեմիկոս Ռուբեն Զարյանը»:

Ի դեպ, գրքի այս ֆորմատը հուշել է ինքը՝ դերասանուհին ու թերևս հենց դա է պատճառը, որ Սերգեյ Առաքելյանը նրան համարում է իր մատենաշարի «կնքամայրը»:

« Ինչու ես դարձյալ անդրադարձա Սվետլանա Գրիգորյանին: Որովհետև 20 տարիների՝ գրքի առաջին հրատարակությունից հետո հսկայական նյութ էր կուտակվել: Ուրախ կլինեմ, եթե մեր արվեստասեր հասարակությունը գոնե մի փոքր բան գտնի նրա էջերում»:

Գիրք-ալբոմը լույս է տեսել 500 տպաքանակով և հրատարակվել է դերասանուհու տաղանդի երկրպագու, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աջակցությամբ:

« Մեր Սվետլանա Գրիգորյանը՝ Սվետիկը և բոլոր տաղանդավոր դերասանները ինձ համար կան և մնալու են: Սա բարեգործություն չէ: Սա մեր պարտքն է նրան, որ վերադարձնում ենք»:

Ժողովածու-ալբոմում ամփոփված են Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհու կյանքի եւ բեմական գործունեության մասին գրականության, մշակույթի, արվեստի ականավոր գործիչների, խաղընկերների հոդվածներ, ողջույնի եւ գնահատանքի խոսքեր ու կարծիքներ, մամուլի վկայություններ:

Back to top button