Հասարակություն

Եզդի ազգաբնակչությունն այսօր եռակի հարվածի տակ է.Սաիդ Ավդալյան

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Հյուսիսային Իրաքում գտնվող եզդիների նոր ցեղասպանության, սովի և ցրտի մատնված փախստականների և այս ամենում միջազգային հանրության անտարբերությունից է այսօր խոսել  «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-ի նախագահ Սաիդ Ավդալյանը: Վերլուծելով ստեղծված իրավիճակը` միջազգայնագետ Սարգիս Լևոնյանն էլ նշել է, որ եզդի ազգաբնակչությունն այսօր եռակի հարվածի տակ է: Նա նշել է, որ իսլամիստական ծայրահեղակաների նպատակն է աստիճանաբար մաքրել եզդիների ռազմավարական նշանակություն ունեցող տարածքը: Իսկ քանի որ տարածաշրջանում ամենաթույլ օղակը եզդիներն են, առաջին հարվածն ուղղվել է հենց եզդիների վրա:

Հյուսիսային Իրաքի եզդիներն արդեն տևական ժամանակ է ենթարկվում են նոր ցեղասպանության: Միայն 800.000 եզդի ազգաբնակչություն ունեցող Շանգալն այսօր լիովին դատարկվել է, մնացած եզդիներն էլ գտնվում են հումանիտար աղետի մեջ, լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց  «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիա»-ի նախագահ Սաիդ Ավդալյանը: Նա նշեց, որ իսլամիստ ծայրահեղականները շրջափակել են Շանգալի ողջ տարածքը և եզդիական կամավորական ջոկատների նկատմամբ ռազմական գործողություններ են իրականացնում: Հատկանշականն այն է, որ ռազմական գործողություններն իրականացվում են ոչ հավասար պայմաններում:

Շանգալում քիչ չեն նաև ազգությամբ քրդերը, և այն որ նրանք չեն միջամտում և տեղացի եզդիներին չեն աջակցում, նշանակում է նրանք ևս մասնակցում եզդիների ցեղասպանությանը, նկատեց Սաիդ Ավդալյանը:

Հյուսիսային Իրաքում կան նաև մեծ թվով եզդի փախստականներ, միայն Զախո քաղաքում կա փախստական 25.000 եզդի ընտանիք: Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, այս փախստականներին անհրաժեշտ է հումանիտար օգնություն, ինչը ևս չկա: Սաիդ Ավդալյանին այս առումով շատ է զարմացնում միջազգային հանրության անտարբերությունը:

Վերլուծելով ստեղծված իրավիճակը՝ միջազգայնագետ Սարգիս Լևոնյանը նշեց, որ եզդի ազգաբնակչությունն այսօր եռակի հարվածի տակ է: Եզդի ազգաբնակչությունը խանգարում է ոչ միայն իսլամիստ ծայրահեղականներին, այլև քրդերին:

«3-րդ հարվածը տեղի է ունենում թուրքերի կողմից: Թուրքիայի հարվածը մեծ հաշվով բխում է տեղանքի աշխարհաքաղաքական դիրքից: Թե հյուսիսային Իրաքում, թե հյուսիսային Սիրիայում որքան այս պատերազմները շարունակվեն, այդքան այդ տարածքները թուլանում են»:

Եզդիների բնակավայրը նաև ռազմավարական կարևոր նշանակություն ունի և իսլամիստական ծայրահեղակաների նպատակն է աստիճանաբար մաքրել այդ տարածքը: Իսկ քանի որ տարածաշրջանում ամենաթույլ օղակը եզդիներն են, առաջին հարվածն ուղղվել է հենց եզդիների վրա:

«Միջազգային հանրությունը տեսնելով, որ իսլամիստ ծայրահեղականների դեմ միակ պայքարողը քրդերն են, շատ դեպքերում եզդիների նկատմամբ քրդերի բացասական վերաբերմունքի վրա աչք են փակում: Այսինքն ինչ որ առումով եզդիներին զոհաբերում են»:

Ստեղծված իրավիճակում միջազգայնագետը կարծում է, որ եզդիները պետք է համախմբվեն և համագործակցեն արևմուտքի, ինչու չէ նաև հայկական լոբիստական խմբերի հետ և հասկացնեն, որ եզդի ազգաբնակչության գոյությունը բխում է նաև մերձավոր արևելքում բնակվող հայերի անվտանգությունից:

Back to top button