Հասարակություն

Ցորենի ալյուրը կհարստացվի

Հասարակական և միջազգային կազմակերպությունների, ալյուր արտադրող ընկերությունների, այլ գերատեսչությունների, ինչպես նաև լրատվական միջոցների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում քննարկվել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

Օրենքը կարգավորում է մարդու օրգանիզմում առանձին միկրոտարրերի և վիտամինների բացակայության կամ դրանց ոչ բավարար քանակի առկայության պատճառով առողջության անցանկալի ազդեցություններից զերծ պահելու նպատակով ցորենի ալյուրի հարստացման և հարստացված ալյուրի ու դրանից պատրաստված արտադրանքի շրջանառության հետ կապված հարաբերությունները: Մասնագետների կարծիքով` «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռի մի քանի տարի անց խոսել առողջության տարբեր ցուցանիշների բարելավման մասին:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նշել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը հանրային առողջապահական այս ծրագրի իրականացման հարցում հետևողական է լինելու: Նա տեղեկացրել է, որ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ը մեկ տարի կտրամադրի նաև այն միկրոտարրերը, որոնցով հարստացվելու է ալյուրը։

ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ ներկայացրել է վիճակագրական տվյալներ: Ըստ Համաշխարհային բանկի տվյալների՝ աշխարհում շուրջ 2 միլիարդ մարդ բավարար քանակով երկաթ չի ստանում, ինչի հետևանքով 0-5տ. երեխաների 47 % և հղի կանանց 42 % տառապում է սակավարյունությամբ: Ամեն օր աշխարհում 300 կին մահանում է ծննդաբերության ժամանակ անեմիայի և երկաթի անբավարարության հետևանքով, շուրջ 500 նորածին ծնվում է նյարդային խողովակի զարգացման բնածին արատով, 4000 մեծահասակ մահանում է սրտի կաթվածից:

ԱՀԿ և «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի տվյալներով աշխարհում ավելի քան 40 մլն նախադպրոցական տարիքի երեխաներ տառապում են սուր և ավելի քան 120 մլն երեխաներ` խրոնիկական թերսնուցումից: Աշխարհի բնակչության 20 %-ը ենթակա է միկրոսնուցող նյութերի (երկաթ, ֆոլաթթու, յոդ, վիտամին A և այլն) անբավարարության, որի հետևանքն են հանդիսանում մի շարք ծանր ու անդարձելի ախտաբանական վիճակներ, որոնք հաճախ ավարտվում են հաշմանդամությամբ կամ բերում են մահվան:

Back to top button