Հասարակություն

«Կիկոսի մա՞հ», թե՞ հավակնոտ ծրագիր. մեկնակեցին կրթության գերազանցության ազգային ծրագրի քննարկումները

 Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԿԳ նախարարությունն ու «Այբ» կրթական հիմնադրամը համագործակցելով  Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ նախաձեռնել են Կրթության գերազանցության ազգային ծրագրի մշակումը։ Արդեն պատրաստ ծրագիրը դրված է հանրային քննարկման։

Քննարկումների մեկնարկը դրվեց այսօր՝ Մատենադարանում։ Հանրային լսումները կշարունակվեն Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում:

Ծրագրով նախատեսվում է դպրոցներում ներդնել միջազգային չափանիշերին համապատասխան հայալեզու կրթական ծրագիր՝ «Արարատյան բակալավրիատ» և պատրաստել այդ ծրագրին համապատասխան ուսուցիչներ:

Տասնամյա ծրագրի արդյունքում «Արարատյան բակալավրիատը» կներդրվի  ՀՀ և ԼՂՀ բոլոր ավագ դպրոցներում, որակավորում կստանան մոտ 2000 ուսուցիչ  և մոտ 20 000 ուսուցիչ էլ կհայտնվի ծրագրի ազդեցության շրջանակում, նշեց Այբ կրթական հիմնադրամի տնօրեն Դավիթ Սահակյանը։ Բոլոր այն ուսուցիչները, ովքեր կընդգրկվեն համակարգում և կդասավանդեն դպրոցներում, նաև ավելի բարձր աշխատավարձ կստանան:

Ողջունելով բավականին հավակնոտ այս ծրագիրը՝ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց, թե ինչպես են պատրաստվում իրականացնել նման լուրջ ծրագիր ֆինանսական սուղ միջոցների պայմաններում։

ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը խնդրեց ծրագրի քննարկումը չվերածել «կիկոսի մահվան»:։ Անահիտ Բախշյանին սակայն այս պատասխանը  ոչ միայն չբավարարեց, այլև բարկացրեց ԿԳ փոխնախարարի համեմատությունը:

«Այբ-ն ունի վստահության պաշար ինձ մոտ, դրանում կասկած չկա: Բայց քանի որ գործընկերը ԿԳ նախարարությունն է, ով հազար ու մի նման  հայեցակարգեր է գրել ու տապալել, դրա համար ես մտահոգություն հայտնում եմ: Իհարկե՝ իրեն դուր չի գա և կասի, թե ես կիկոսի մահն եմ անում»,- ասում է Անահիտ Բախշյանը։

Քննարկումների փուլը տևելու է մի քանի ամիս, որից հետո ծրագիրը կլրամշակվի և կներկայացվի վերջնական հաստատման:

 

Back to top button