CNN հեռուստաալիքը Ռուսաստանում չի հեռարձակվի


2014 թ. դեկտեմբերի 31-ից CNN լրատվական հեռուստաալիքը դադարեցնում է հեռարձակումը Ռուսաստանում,- գրում է TASS-ը: Այդ մասին ասված է եղել հեռուստաալիքի սեփականատեր Turner International ընկերության նամակում:
«Turner International-ը դիտարկում է Ռուսաստանում CNN-ի տարածման այլընտրանքային հնարավորություններ՝ ՌԴ օրենսդրությունում վերջին փոփոխությունների կապակցությամբ», – ասվում է նամակում: Turner International –ի ներկայացուցիչները հույս են հայտնել, որ ժամանակի հետ հեռուստաալիքին կհաջողվի վերադառնալ ռուսական շուկա: Ըստ ընկերության հայտարարության՝ CNN-ի Մոսկվայի բյուրոյի գործունեության վրա այդ քայլը չի ազդի:
Աղբյուրը նշում է, որ վերջերս ռուսական իշխանությունները հաճախ են դժգոհում անկախ լրատվամիջոցների աշխատանքից, հիմնականում՝ միջազգային, կապված Ուկրաինայում իրադարձությունների լուսաբանման հետ: Մամուլի վերահսկողության ոլորտի ռուսական գերատեսչությունը հայտարարել է, որ կապ չունի CNN-ի հեռարձակումը դադարեցնելու հետ: