Նոր նախարարությունը կստեղծվի


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Մինչ օրվա հարցերը քննարկելը Նիկոլ Փաշինյանի առաջարկով Աժ-ը մեկ րոպե լռությամբ հարգել է երեկ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հիշատակը:
Խորհրդարանն այսօր առաջինը քննարկեց երեկվանից կիսատ մնացած հարցը՝ ՀՀ կառավարության կառուցվածքի մասին նախագիծը: Հիշեցնենք, դրանով առաջարկվում է տարածքային կառավարման եւ Արտակարգ իրավիճակների նախարարությունները միավորել եւ ստեղծել նորը՝ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն անվանմամբ: Կառավարության ներկայացուցիչը պնդում է, որ այս ամենի համար բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում անհրաժեշտ չէ:
Այս նախագծի ընդդիմախոսները շատ էին: ԲՀԿ-ն նախապես հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու այս նախագծին, քանի որ փոփոխությունների հիմնավորումները բավարար չեն: Նույնը պնդում է նաեւ ՕԵԿ-ը պնդում է, որ նախագծում փոփոխությունների համար չկա հստակ հիմնավորում: Այս բարեփոխումների համատեքստում Հովհաննես Մարգարյանը հիշեց վերջին շրջանի բոլոր բարեփոխումները՝ կուտակայինի հետ կապված, հղիների նպաստի հետ կապված, շրջանառության հարկի հետ կապված եւ այլն:
Հարցի քննարկման ավարտին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունեց, որ գրավոր հիմնավորումը բավարար չէր, բայց հորդորեց պատգամավորներին կողմ քվեարկել եւ գրավոր ներկայացնել հնչած առաջարկները: Կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանն արդեն ընդունեց 70 կողմ, 10 դեմ, 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: