Ներկայացվել է Գլախո Զաքարյանի «Գլախո՝ երկրորդ կյանք» տեսաերիզը


Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»-Թբիլիսի
Թբիլիսիում ներկայացվել է Հայաստանի և Վրաստանի վաստակավոր արտիստ Գլախո Զաքարյանի «Գլախո՝ երկրորդ կյանք» տեսաերիզը: Այն պարունակում է կյանքից հեռացած արևելյան երգերի լավագույն կատարող, թբիլիսահայ ճանաչված երգիչ Գլախո Զաքարյանի հայերեն և վրացերեն երգերը: Տեսաերիզը թողարկվել է Վրաստանում ՀՀ նախկին դեսպան, այժմ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հովանավորությամբ, ում համար Սայաթ-Նովայի երգերի կատարումը Գլախո Զաքարյանի կողմից եղել է իսկական բացահայտում:
Առավել մեծ սերդի ներկայացուցիչները Վրաստանում սիրով են հիշում Գլախո Զաքարյանի կատարումները: Նա ոչ միայն հայերի, այլև վրացիների սիրված երգիչներից է: Եգում էր հայերեն, վրացերեն և անդրկովկասյան ժողովուրդների լեզուներով: Զրուցակիցս` Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հովհաննիսյանը հիշում է`Գլախոն երգում էր քաղաքում ամենուր` թաղման արարողություններին ու հարսանեկան հանդիսություններին: Քաղաքային բազմաթիվ երգեր նրա շնորհիվ մեզ են հասել իրենց նախնական անաղարտությամբ:
Երգչի հրապարակային ելույթները սկսվում են 1926 թվականից: Այդ թվականից էլ նա Վրաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար էր:
«Դուն էն գլխեն իմաստուն իս..» երգի Զաքարյանի կատարումը հնչում է Սայաթ Նովա հեռուստաֆիլմում: Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, ով ծնունդով Սամցխե-Ջավախեթիից է, հիշում է, որ մի ժամանակ ամենուր լսում էին Գլախոյի կատարումները, սակայն այսօր կարծես նոր սերնդի ներկայացուցիչները չգիտեն, թե ով է նա:
Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ում աջակցությամբ ներկայացվեց «Գլախո՝ երկրորդ կյանք» տեսաերիզը, երգչին բացահայտել է Վրաստանում դեսպան աշխատած տարիներին.
Գլախոյի կատարումները հավաքելու գործում օգնել է երգչի դուստրը` Ժասմինա Մդիվանին:
«Մեր տանը պահպանվում են նրա շատ կատարումներ, սակայն այս ձայնասկավառակում կան այնպիսի կատարումներ որ մենք չունեինք: Ես նրա մահից հետո տանը երկար ժամանակ չէի կարողանում լսել այդ երգերը»:
Թբիլիսիի Սակրեբուլոյի անդամ Ալեկո Էլիսաշվիլին, բարձր գնահատեով Թբիլիսիի մշակույթի զարգացման գործում Գլախո Զաքարյանի ներդրումը, հայտարարեց, որ քաղաքի Սակրեբուլոն պատրաստ է ընտանիքի համաձայնության դեպքում, կազմակերպել և իրականացնել Գլախո Զաքարյանի վերաթաղումը Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթենում: