ԿարևորՔաղաքական

Հույս ու հավատի նախարարություն դեռ չենք ունենա. այսօր ԱԺ- ում

Լենա Բադեյան
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հայաստանի 18 նախարարություններում ունենաք 65 փոխնախարար, նախարարների 35 խորհրդական. հաշվարկն արել եւ այսօր խորհրդարանին է ներկայացրել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Պատգամավորն առաջարկում է կառավարությունում իրականացնել կրճատումներ։

Սակայն խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։ Դրանով՝ մասնավորապես առաջարկվում է միավորել տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները, ստեղծել միջազգային ինտեգրացիայի բարեփոխումների նախարարություն։

Հարցը ներկայացնող արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը փարատեց անհանգստությունները՝ կրճատումներ չեն սպասվում, իսկ նոր նախարարության համար պետբյուջեից լրացուցիչ գումար անհրաժեշտ չի լինի: Ընդդիմախոսները շատ էին: Գործը նույնիսկ հասավ նրան, որ ՕԵԿ- ից Հովհաննես Մարգարյանն առաջարկեց նաեւ ստեղծել Հույսի եւ հավատի նախարարություն։

Քանի որ այսօր  խորհրդարանում էր  կառավարության գրեթե ողջ կազմը բյուջե 2015-ի քննարկման առիթով, կառուցվածքային փոփոխություններին անդրադառնալու հնարավորություն ունեցան նաև հենց իրենք ՝ գորածադիրի անդամները։

ԱԻ նախարար Արմեն Երիցյանը երկու նախարարությունների միավորումը դրական  քայլ է համարում, իսկ «Ռադիոլուրի» հարցին, թե պատրա՞ստ է ստանձնել  այդ դժվար պաշտոնը, նշում է, որ հարցը հանրապետության նախագահի ու վարչապետի որոշելիքն է. «Եթե ինձ վստահեն, կաշխատեմ»,- ասում է։

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի կարծիքով էլ նոր` միջազգային ինտեգրացիայի և բարեփոխումների նախարարության ստեղծմամբ իրենց  գործառույթները չեն սահմանափակվում։ Նա կարծում է, որ գործառույթների միայն փոքր մասն է անցնում նոր նախարարությանը,  բայց նաև նշում է, որ  22 աշխատանքային խմբերից 6-ն են մնալու էկոնոմիկայի նախարարության իրավասությունների շրջանակներում։

Ընդհանրապես՝ այսօր խորհրդարանի աշխատանքը խիստ հագեցված էր՝ մի շարք կարեւորագույն օրենքների քվեարկություն, արտահերթ հարցի, ինչպես նաեւ հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկում: Բացի այս ամենից այսօր խորհրդարանում էր նաեւ կառավարությունը՝ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ։ Որոշ հարցեր էլ լրագրողները պարզաբանեցին հենց նախարարներից:

Մինչ օրվա հարցերը քննարկելը Աժ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց երեկ Երեւան- Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հիշատակը: Ի դեպ՝ դա արվեց Նիկոլ Փաշինյանի առաջարկից հետո միայն:

Ցուցադրել ավելի
Back to top button