Քաղաքական

Համարձակ քայլերի ժամանակը. Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները

Սոնա Հակոբյան
Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի  վարիչ , պատմական գիտությունների թեկնածու Արմեն  Մարուքյանը ներկայացրել է իր նոր գիրքը, որը վերնագրված է «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատարան դիմելու հիմքերն ու հնարավորությունները»: Նա նկատել է, որ  անցել են լռելու և սպասելու ժամանակները: Այժմ համարձակ քայելրի ժամանակն է, քանի որ մեր 10-ամյակների անհամարձակությունն է մեր  հարևանին դարձրել սանձարձակ:

«Մենք վերջին տասնամյակի ընթացքում գաղափարական առումով այնքան ենք աճել, որ հեգնական վերաբերմունքից հասանք նրան, որ հավատացինք այս գաղափարին: Այս աշխատությունը փաստում է, որ մենք ունենք իրավական լուրջ հիմքեր միջազգային դատարան դիմելու համար»,- ասում է ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։

Իրավաբան Վլադիմիր Վարդանյանը նշում է, որ այս աշխատությունը վերջնական պատասխան չի կարող տալ հայկական հարցին, բայց համոզված է, որ սա լուրջ հիմք կծառայի հետագա քայլերի համար։ «Այս գրքում բավականաչափ հետաքրքիր մոտեցումներ և փաստեր կգտնեն բոլոր նրանք, ովքեր հերքում են եղելությունը ։ Իհարկե այն կարող է նաև հիմք հանդիսանալ համապատասխան հայեցակարգի համար»,- ասում է։

Թուրքագետ Արտակ Շաքարյանն էլ ողջունում է այն հանգամանքը, որ արդեն խոսում ենք իրավական փոխհատուցման մասին ու ոչ միայն խոսում ենք, այլև փորձում ենք գտնել գիտական հիմնավորումներ, քանի որ նույն Փերինչեքի դատավարությունը ցույց տվեց, որ միայն գիտելիքով չէ, որ կարելի է հաղթել դատարանում: «Հուսով եմ, որ մենք այս գրքով ավելի պատրաստ ենք ապագա հնարավոր դատական ատյաններ դիմելու համար: Հենք ունենալուց բացի մենք պետք է ունենանք նաև միջազգային մակարդակի իրավաբաններ, որոնք հայտնի են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում և բավականին մեծ ուժ ունեն: Այս գիրքը կարևոր է, բայց չպետք է սահմանափակվել այս գրքով»։

Ցուցադրել ավելի
Back to top button