Տնտեսական

Խորհրդարանը քննարկում է ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Խորհրդարանն այս պահին քննարկում է ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի մասին նախագիծը: Կառավարության անդամները՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Աժ-ում են: Ընդհանուր առմամբ, բյուջեն ներկայացնելու համար կառավարությանը 3 ելույթի հնարավորություն է տրվում՝ յուրաքանչյուրը 90 րոպե տեւողությամբ: Առաջինը հարցը ներկայացնում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:  Հաշվի առնելով, որ Աժ-ի մշտական հանձնաժողովներում վերջերս է կազմակերպվել փաստաթղթի ոլորտային մանրամասն քննարկումը Գագիկ Խաչատրյանը պատգամավորների ներկայացրեց հաջորդ տարվա բյուջեի հիմնական, ընդհանուր դրույթները: Կառավարությունն ասում է, որ հաջորդ տարվա բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն: Գագիկ Խաչատրյանը թվարկեց, թե ինչի վրա են հիմնականում ծախսվելու պետակյան միջոցները:

Սոցիալական ուղղվածության մի քանի թվեր ներկայացնենք: 2015-ին նվազագույն աշխատավարձը նախատեսվում է դարձնել 55 հազար դրամ՝ 50 հազարի փոխարեն: Թեեւ կառավարությունը նշում է, որ տեղի է ունենում կենսաթոշակառուների թվի աճ, բայց նաեւ հայտարարում է, որ կենսաթոշակի միջին ամսական չափը կբարձրանա շուրջ 14 տոկոսով: Դա նշանակում է, որ այն կհասնի 41 հազար դրամի՝ գործող 36 հազարի դիմաց:

Հունվարի 1-ից նախատեսվում է կենսաթոշակի հիմնական չափը դարձնել 16 հազար դրամ՝ գործող 14 հազարի դիաց: Աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքն էլ՝ մինչեւ 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցողների համար 800 դրամ, իսկ 10 տարուց ավելի ստաժ ունեցողների համար 500 դրամ: 2015-ին կպահպանվեն երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը: Առաջին եւ երկրորդ երեխայի համար 50 հազար դրամ, 3-րդ եւ 4-րդ երեխայի համար՝ 1 միլիոն դրամ եւ 5 ու ավելի երեխայի համար 1.5 միլիոն դրամ: 2015-ին շարունակվելու է նաեւ ավանդների վերադարձի գործընթացը՝ նախապես սահմանված որոշ խմբերի համար: Նախատեսվում է, որ այս հարցի քննարկումը կտեւի մինչեւ օրվա վերջը:

Ցուցադրել ավելի
Back to top button