Հասարակություն

Ինչո՞ւ են մանկապարտեզներում հերթեր կուտակվում

Հասմիկ Մարտիրոսյան
Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

 Ո՞րն է պատճառը, որ նախակրթարաններում երեխաների հերթերի կուտակում է գրանցվում, ո՞վ է պատասխանատու  մանկապարտեզների տարածքները վարձակալության  տալու եւ դրանք սեփականատերերին՝ երեխաներին վերադարձնելու  համար:

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան»  խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը ներկայացրել է փաստեր, որ վարչական շրջանների ղեկավարները մանկապարտեզների տարածքներն ապօրինի վարձակալության են տալիս։

«Արաբկիր վարչական շրջանում թիվ 30 և 33 պետական մանկապարտեզների շենքերում բացվել են նախադպրոցական հաստատություններ, բայց մասնավոր հիմունքներով: Մալաթիա-Սեբաստիայում 2013 թվականին հերթագրված է եղել 3500 երեխա: Տարածքներ են տրվել Հայաստանի էլեկտարական ցանցերին: Բարձրաձայնում եմ, որ հասարակությունը գնա և տեսնի թիվ 77 մանկապարտեզում ապակու ձևավորման արհեստանոցը կա՞, թե՞ չկա: Երկրապահ կամավորական միությանը 809 քառակուսի մետր անհատույց 5 տարի ժամկետով թիվ 87 մանակպարտեզից տարածք է տրվել»,- ասել է նա։

Մեկ այլ խնդիր, որը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում, հերթագրված երեխաների հերթականության խախտման մասին է։

Ի դեպ՝ փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանն ամիսներ առաջ նշել էր, որ այս տարի արդեն հերթագրվել է  6000 երեխա, որոնց համար էլ քաղաքապետարանը նախատեսում է  նախկինում մասնավոր ընկերություններին  հանձնված մանկապարտեզները  հետ վերցնել։ Միաժամանակ փոխքաղաքապետի համար անակնկալ էր, որ ծանոթ-բարեկամի  կամ մաղարիչի միջոցով հնարավոր է երեխային մանկապարտեզ ընդունել՝ անկախ հերթացուցակում նրա անվան տեղից։

Ցուցադրել ավելի
Back to top button