ԿարևորՔաղաքական

ԵՏՄ անդամակցելու հետ մեկտեղ, Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու ԵՄ հետ փոխգործակցությունը. Վիգեն Սարգսյան

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ԵՄ խորհրդատվական խումբն այսօր անցկացրել է Խորհրդատվական խորհրդի 16-րդ եւ վերջին նիստը, որին մասնակցել են նաեւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ու ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան: Կողմերը դրական են գնահատել անցած տարիների համագործակցությունն ու դրա արդյունքում արձանագրած ձեռքբերումները եւ հույս հայտնել, որ հետագայում դրանք կխորացվեն եւ չեն խոչընդոտվի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցության պատճառով: Ամփոփելով անցած 6 տարիներին տարբեր ոլորտներում ունեցած սերտ համագործակցությունը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ բարձր է գնահատում ԵՄ խորհրդատվական խմբի ցուցաբերած աջակցությունը հայաստանյան շարունակական բարեփոխումներին:

Վիգեն Սարգսյան. «Սակայն, դեռ շատ անելիքներ կան: Հիմնվելով այն դրական փորձի վրա, որ կուտակվել է նախորդ տարիներին՝ մենք սահուն առաջընթաց ենք ակնկալում՝ բարեփոխումները շարունակելու եւ բազմատեսակ մարտահրավերներին դիմակայելու ուղղությամբ: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետ մեկտեղ, Հայաստանը պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը՝ բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, բազմաոլորտ տնտեսական համագործակցության եւ այլ ոլորտներում: Ներկայում հայկական կողմը քննարկում է Բրյուսելի հետ հարաբերությունները կարգավորող իրավական նոր շրջանակի ձեւավորմանն առնչվող հարցեր: Մեր նպատակն է՝ պահպանել ԵՄ-ի հետ Հայաստանի նախորդ քննարկումների բովանդակությունը՝ ապահովելով դրանց համատեղելիությունը ինտեգրացիոն մյուս ձեւաչափերի հետ»:

Իր հերթին ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան, շեշտելով, որ կարելի է երկար թվարկել կատարված աշխատանքները, հավելել է, որ սերտ համագործակցությունը արգասաբեր է եղել՝ չնայած ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: ԵՄ դեսպանի խոսքով՝ Եվրամիությունն իր վրա պարտավորություն է վերցրել Հայաստանի հետ հարաբերությունները նաեւ ապագայում շարունակելու, ուստի՝ Հայաստանին կոչ է անում ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական համագործակցության հետ հարաբերությունները, որ հնարավոր լինի հասկանալ, թե ապագայում ինչպես է հնարավոր շարունակելու երկկողմանի հարաբերությունները:

Տրայան Հրիստեա. «Դա նաեւ մեզ համար կարեւոր է, որպեսզի մենք կարողանանք համակարգել մեր գործունեությունը՝ ելնելով մեր օրենսդրական պահանջներից: Ինչպիսին էլ լինեն Հայաստանի ցանկությունները՝ բարեփոխումների հարցում առաջ գնալու համար, մեզ համար շատ կարեւոր է, որ մենք կարողանանք ճշտորեն հասկանալ, թե ինչ ուղղությամբ է գնում եւ ինչպիսի որոշումներ է կայացնում Հայաստանը՝ ապագա բարեփոխումների ընթացքում: Մեզ համար նաեւ կարեւոր է, որ բացի որոշումներից մենք տեսնենք նաեւ դրա իրականացման արդյունքները»:

ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան իր խոսքը եզրափակելով՝ նաեւ կարծիք է հայտնել, որ ձեռքբերված հաջողությունները կամրապնդվեն ապագայում: Դեսպանը հույս է հայտնել, որ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը խոչընդոտ չի լինի դրան:

Ցուցադրել ավելի
Back to top button