Քաղաքական

Փոփոխվող Թուրքիայի կերպարն ու պատրանքի նմանվող քայլերը

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր» 

Թուրքիան 2015-ին ընդառաջ, բավականին ակտիվ կերպով փորձում է խաղալ փոփոխվող Թուրքիայի կերպարը եւ հենց դրա շրջանակներում էլ պատրանքի նմանվող քայլեր է կատարում: Այս համոզմունքին է թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը: Նրա համոզմամբ՝ հենց այս շրջանակներում է տեղավորվում նաեւ Մահչուփյանին Էրդողանի խորհրդական նշանակելու քայլը, ինչը մեծ գովազդային աղմուկ բարձրացրեց:     

 

 

Թուրքագետ Գեւորգ Պետրոսյանի գնահատմամբ՝ Թուրքիան փորձում է ցույց տալ, թե փոխվում է, դրական զարգացում ապրում՝ փորձելով նաեւ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել եւ, իբր, այլ աչքով է նայում տեղի հայերին:

«Իհարկե, սրանք, ըստ իս, արտաքնապես, մակերեսային քայլեր են: Խորքային առումով որեւէ փոփոխություն չկա եւ դրանց նպատակը զուտ այն է, որ, 2015 թ.-ին ընդառաջ, փորձեն ցույց տալ, թե Թուրքիան փոխվել է, Թուրքիայում դրական տեղաշարժեր են լինում»:

Ակնհայտ է, որ Թուրքիան իր նպատակին հասնելու համար, արտաքին քարոզչության մեջ օգտագործում է հնարավոր ամեն ինչ, անգամ՝ կեղծիքների եւ ապատեղեկատվության մեթոդը: Դրա վկայությունն է Շարլ Ազնավուրի՝ իբր հարցազրույցը թուրքական լրատվամիջոցին: Թուրքիայի ինչին էր պետք նման հարցազրույցի տարածումը. պարզ է՝ դա կրկին 2015-ին ընդառաջ թուրքական քարոզչության տրամաբանության շրջանակներում է:

«Այն քարոզչական քայլ էր, մանիպուլիացիայի փորձ, ապատեղեկատվություն, որ իր մեջ որոշակի ուղերձներ էր տեղավորում, որոնք բնորոշ են ներկայիս թուրքական իշխանություններին: Այսպիսով, Թուրքիան նմանօրինակ «հարցազրույց»-ի միջոցով փորձում է մանիպոիլիացիայի ենթարկել Թուրքիայի հանրությանը, ինչպես նաեւ միջազգային հարթակում փորձում է թուրքերի դրական կերպար ապահովել, ինչը, կարելի է ասել, մասամբ հաջողվում է»:

Եթե մեզ այդ «հարցազրույց»-ի հերքումը հասավ, ապա արտաքին աշխարհին ավելի շուտ հենց առաջին ազդակն է հասել ու մնացել, քանի որ շատերը չեն խորացել, թե իրոք Ազնավուրը նման հայտարարություններ արել է, թե՝ ոչ: Ահա, Թուրքիայի այսպիսի գործելաոճը նորություն չէ մեզ համար եւ, թուրքագետի գնահատմամբ, առաջիկայում նույնպես Թուրքիան նմանօրինակ քայլեր կատարելու է:

Անդրադառնալով թուրք իշխանավորների հակահայ հայտարարություններին առնչվող դիտարկմանը՝ թուրքագետը շեշտեց, որ դրանք ներքին սպառման համար հայտարարություններ են, քանի որ սպասվում են նաեւ խորհրդարանական ընտրություններ: Սա հաշվի առնելով՝ դրանք հասկանալի են: Նաեւ՝ հասկանալի է, որ Թուրքիայի բնակչության առնվազն կեսն ունի հակահայ կեցվածք: Այդ տրամադրությունների վրա խաղալով էլ իշխանավորները փորձում են հաճախ ձայներ ստանալ, իսկ դրսում՝ Թուրքիան փոփոխվողի կերպար է խաղում եւ դրան են ուղղված դրսի համար արվող հայտարարություններն ու քայլերը:

Անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսում հանրապետականների դիրքերի ամրապնդմանը՝ թուրքագետը կարծիք հայտնեց, որ դրանով հայանպաստ կոնգրեսականների թիվն է պակասում եւ թուլանում հայկական լոբբին: 2015-ին ընդառաջ, ըստ թուրքագետի, սա ցանկալի չէ հայության համար: Նա նաեւ շեշտեց, թե ընդհանրապես 2015-ին ընդառաջ Հայոց ցեղասպանության ճանաչումն այն չէ, ինչ հայությանն  անհրաժեշտ է, քանի որ ճանաչումը չի ենթադրում ցեղասպանության հետեւանքների վերացում կամ փոխհատուցում: Մինչդեռ, Գեւորգ Պետրոսյանի կարծիքով, մեզ անհրաժեշտ է իրավական քայլեր կատարել:

«Մեր ուժերը պետք է փորձենք կենտրոնացնել իրավական դաշտում խնդիրը լուծելու ուղղությամբ: Այնպես որ՝ մեր ռեսուրսները, ժամանակը, ուշադրությունը ծախսել միայն միջազգային ճանաչման վրա, կարծում եմ, այժմ այնքան էլ ճիշտ չէ»:

Ինչ վերաբերում է Մերձավոր Արեւելքում Թուրքիայի վարած քաղաքականությանը. թուրքագետը Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ այստեղ առանձնապես փոփոխություն պետք չէ ակնկալել: Թուրքիան կլինի որոշակիորեն զսպված եւ կգնա քաղաքական առուծախի, եթե ինչ-որ զիջումներ էլ անի, ապա՝ անպայման դրա դիմաց ԱՄՆ-ից կպահանջի որեւէ կերպ փոխհատուցում: Հասկանալի է, որ Մերձավոր Արեւելքի հարցում Թուրքիան որոշակի կշիռ է ԱՄՆ-ի համար, ուստի եւ վերջինս կարող է եւ բավարարել Թուրքիայի որոշ կամակորություններ, թեպետ՝ ԱՄՆ-ն չի ցանկանա Թուրքիային հեշտորեն զիջումներ անել:

Back to top button