Հասարակություն

Հայաստանն ուսումնասիրում է պրոբացիոն ծառայության վրացական փորձը

Գիտա էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պրոբացիոն համակարգում վրացական կողմի իրականացրած աշխատանքները արդյունավետ է համարում:

Վրաստան աշխատանքային այցի ընթացքում հայկական պատվիրակությունը մանրամասնորեն ծանոթացել է  պրոբացիոն ոլորտում վրացական փորձի հետ: Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարար Գեորգի Մգեբրիշվիլիի խոսքով՝ վերջերս պատրաստված բարեփոխումների փաթեթի ներդրմամբ պրոբացիոն ծառայության արդյունավետությունը էականորեն կբարձրանա Վրաստանում:

Հայկական պատվիրակության անդամները կարծում են, որ գործընկերները կարողացել են վերցնելով պրոբացիոն համակարգի եվրոպական լավագույն փորձը արդյունավետ տեղայնացնել այն: «Կան ինստուտներ, որոնք մեր մոտ են բավականին առաջընթաց ապրել և հաջողություններ ենք գրանցել, կան ոլորտներ, որտեղ վրացական փորձը ավելի առաջընթաց է գրանցել. մասնավորապես պրոբացիոն ծառայությունը այստեղ վաղուց է գործում և այդ իսկ պատճառով մեզ իրենց փորձը շատ հետաքրիր է»,- նշում է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:

Նախարարն արձանագրում է, որ պրոբացիոն համակարգի ներդրման հիմնական նպատակը մեկն է՝ մարդկանց հնարավորություն ընձեռել արդյունավետ վերինտեգրվել հասարակությանը:

Հովհաննես Մանուկյանը հանդիպել է նաև Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Բադաշվիլիի հետ: Ընդգծվել է, որ բարեկամ երկրների միջև հանցավորության դեմ համատեղ պայքարի հարցում չկան չլուծված խնդիրներ, սակայն Հովհաննես Մանուկյանը շեշտել է, որ երկու երկրներում էլ իրավական տեղեկատվության փոխանակման հարցում դեռևս անելիքներ կան և համագործակցությունն այս ուղղություններով անհրաժեշտ է խորացնել:

Աշխատանքային այցի ավարտին Հովհաննես Մանուկյանը հանդիպել է նաև Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ: «Քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում մի շարք հարցերի թվում մենք բարձրացրինք նաև հայ համայնքին հուզով մի շարք խնդիրներ, մասնավորապես մեր  Եկեղեցու հետ կապված կազմակերպական հարցեր»,- «Ռադիոլուրին» ասաց ՀՀ արդարադատության նախարարը։

Ցուցադրել ավելի
Back to top button