Միջազգային

Կատալոնիայի անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկողների մոտ 80%-ը

Իսպանական Կատալոնիա նահանգի անկախության խորհրդանշական հարցում–հանրաքվեի ընթացքում երեկ կողմ է արտահայտվել մասնակիցների ավելի քան 80 տոկոսը: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, հաշվարկվել են քվեաթերթիկների 88.4 տոկոսը:

Հարցաթերթիկում երկու հարց է եղել. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան պետություն դառնա» և, դրական պատասխանի դեպքում ևս մեկ հաստատող հարց. «Ցանկանո՞ւմ եք արդյոք, որ այդ պետությունն անկախ լինի»: Երկու հարցերին էլ հնարավոր է եղել պատասխանել միայն «այո» կամ «ոչ»:

Հարցմանը դրական պատասխան են տվել քվեարկածների 80.72 տոկոսը կամ 1 մլն 649 հազար մարդ: Սեփական պետության ստեղծմանն առանց Իսպանիայի կազմից դուրս գալու դրական պատասխանն են տվել 10.11 տոկոսը կամ 260 հազար մարդ:

Նահանգի առկա կարգավիճակին կողմ են արտահայտվել 4.55 տոկոսը կամ 93 հազար մարդ: Նահանգապետ Արթուր Մասը գոհ է մնացել կամարտահայտման արդյունքներից և կենտրոնական կառավարությանը կոչ է արել վերջնական, պաշտոնական հանրաքվե անցկացնել անկախության մասին:

Երեկ տեղի ունեցած այս քվեարկությունը ոչ պաշտոնական հարցման բնույթ է կրել:

 

Ցուցադրել ավելի
Back to top button