ԿարևորՀասարակություն

Խոշոր ավտովթար Երեւան Գյումրի ճանապարհին. կա 7 զոհ, 7 վիրավոր

Այսօր երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում.Երևան-Գյումրի ավտոճանապարհի`Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ»  մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազել»-ը պայթել է։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Երևան-Գյումրի հատվածի 108 կմ-ում բախվել են «ԳԱԶել» մակնիշի 08-11L պ/հ և «ԿամԱԶ» մակնիշի 533 SU 61 պ/հ (վարորդ Մ. Վ., ծնվ. 1944 թ.) ավտոմեքենաները, ինչից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.44-ին, մարվել` 19.51-ին: Ամբողջությամբ այրվել է «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերվել Ս. Հ.-ն (ծնվ. 1997 թ.), Հ. Հ.-ն (ծնվ. 1978 թ.), Է. Ս.-ն (ծնվ. 2001 թ.) Կ. Բ.-ն (ծնվ. 1975 թ.), Հ. Չ.-ն (ծնվ. 1997 թ.), Զ. Հ.-ն (ծնվ. 1978թ.) և Ա. Շ.-ն (ծնվ.1992 թ.), ովքեր տեղափոխվել են Գյումրի քաղաքի ԲԿ, իսկ անձը չպարզված 7 քաղաքացիներ մահացել են:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։

«Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ. Վարդանյանը, ձերբակալվել է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ վթարի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ցուցադրել ավելի
Back to top button