Քաղաքական

Ինչպես է աշխարհն ընկալում Հայոց ցեղասպանություն եւ Հոլոքոստ բառերը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Հայոց ցեղասպանությունն ու հրեաների  հոլոքոստը, ազգագրագետ Հարություն Մարությանն անցկացնում է համեմատականներ հուշային մշակույթի համատեքստում: Ինչպես են ընկալվում այս ողբերգությունները երկու ժողովուրդների կողմից և ինչպես են դրանք մատուցվում աշխարհին: Հարություն Մարությանը համոզված է, որ այս առումով հայերս հրեաներից սովորելու շատ բան ունենք:

 

 

«Մեզ մորթել են, կոտորել ու զրկել հայրենիքից». հայ երեխան հիմնականում հենց այսպես է ծանոթանում ցեղասպանության պատմությանը: Ըստ ազգագրագետ Հարություն Մարությանի` պատմական փաստի նման մատուցումը երեխայի մեջ կարող է առաջացնել բարդույթներ ու կարծրատիպեր: «Հիշողության մշակույթում» չափազանց կարևոր է ոսկե միջինի պահպանումը: Պետք է խոսել ոչ միայն կորուստների մասին, այլև այն պայքարի, որի շնորհիվ մեր ժողովուրդը կարողացավ գոյատևել»,-ասում է գիտնականը, ում համոզմամբ որպես նման ճակատագրեր ունեցող երկու ժողովուրդներ ողբերգության ընկալման և մատուցման առումով հայերս սովորելու շատ բան ունենք հրեաներից:

Որպես ասվածի հավելում շեշտում է հայերի և հրեաների ցեղասպանության զոհերի հիշատակի օրերի անվանումները՝ «Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օր» և «Հոլոքոստի նահատակների և հերոսների հիշատակի օր»:

«Այսօր աշխարհի որ ծայրում էլ օգտագործվի հոլոքոստ եզրույթը, բոլորն էլ հասկանում են, որ խոսքը վերաբերում է հրեաներին: Նույնը չես ասի «Մեծ եղեռն» բառակապակցության մասին: Մեր իրականության մեջ եղեռն բառը հայտնի է դեռևս միջնադարից և նշանակել է չարիք, ոճիր, պատահար, վնաս: Հսկայական տարբերություն կա երկու  տերմինների օգտագործման և նշանակության միջև»:

Հոլոքոստ բառն այսօր ուղղակիորեն ընկալվում է որպես  հանցագործություն, որը դատապարտվում է միջազգային օրենքներով: Հայտնի է, որ հոլոքոստ բառը ծագում է հունարեն բառից, որը նշանակում է ողջակիզում, այսինքն՝ ամբողջությամբ կիզմամբ զոհաբերություն: Հարություն Մարությանը հղում է կատարում Հայոց Ցեղասպանության պատմության լավագույն մասնագետներից Վահագն Դադրյանին, ով համեմատելով Հայոց ցեղասպանությունն ու հրեաների հոլոքոստը, գրել է.«Բառի ստույգ իմաստով հայկական ողբերգությունն ավելի մոտ է հոլոքոստին, քան հրեականը: Տասնյակ հազարավոր հայեր  կենդանի այրվել են թուրքիայի տարբեր շրջաններում: Եթե հրեաների դեպքում միշտ գազախցիկներն էին նախորդում վառարաններին, ապա հայերի դեպքում ձիանոցները, գոմերը, մարագները, կալատները, ջրհորներն էին անգթորեն փոխարինում նորաստեղծ խորամանկ հնարքներին»: Հայերին կենդանի-կենդանի այրելու փաստերին քաջատեղյակ են պատմաբանները: Մեկ այլ դիտարկում. հրեա պատմաբանները հրեաների ողջակիզումն առանձնացնում են 20-րդ դարի մյուս ցեղասպանություններից իր բացառիկությամբ: Եվ որն է դա.«Հրեաներն ասում են, որ հայերին հնարավորություն էր տրված փրկվել ՝ կրոնափոխության միջոցով, մինչդեռ հրեաներին փրկության որևէ  հնարավորություն տրված չէր: Դա վիճելի փաստարկ է, որովհետև նման հնարավորություն տրվել էր միայն սկզբում, բայց հետո կար Թալեաթի հրամանը՝ ոչնչացնել բոլոր հայերին անխտիր: Նույն  կերպ ոչ բոլոր հրեաներին են բռնել ու ողջակիզման ենթարկել: Տարբեր ճանապարհներով շատերն են փրկվել»:

Հարություն Մարությանը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ հոլոքոստի պատճառները քննարկելիս՝ հրեա հետազոտողները շեշտում են ոչ թե գերմանացիների, այլ «ֆաշիզմի», «ռասիզմի», «նացիզմի» և այլ համարժեք գաղափարախոսությունների մեղքը, այսինքն հակամարտությանը չեն հաղորդում էթնիկական որակումներ և կատարվածը դիտում են իբրև հանցագործ բնույթ ունեցող գաղափարախոսության արդյունք:  «Մինչդեռ հայ քաղաքագիտական միտքն արդեն 100 տարի ցեղասպանության մեղավորների շարքում շեշտում է այն իրականացնողների էթնիկակական, այսինքն թուրքի գործոնը»,-ասում է Մարությանը՝  «Եթե դու արգենտինացուն կամ մեքսիակցուն ասում ես, որ թուրքը ոչնչացրեց հային, դա նշանակում է, որ դու իրեն քարոզում ես, որ թուրքը վատն է, իսկ դա ընկալվում է որպես ռասիզմ: Իսկ երբ հրեան խոսում է ֆաշիզմի գաղափարախոսության և դրա հետևանք հանդիասցոց հոլոքոստի մասին ,միանգամից ընկալվում և ընդունվում է նրա տեսակետը»:

Հարություն Մարությանն, այնուամենայնիվ, նշում է,  որ հայկական մոտեցման պատճառը նախ և առաջ թուրքական ժխտողականությունն է, որն էլ բերում է բարեկամ-թշնամի բազմադարյան կաղապարի գոյատևմանը: Ըստ գիտնականի՝ հայոց ցեղասպանության հարցում կան բազմաթիվ կարծրատիպեր, որոնք սրբագրման  կարիք ունեն, առաջին կարծրատիպը  զոհի հոգեբանությունն էր, որից, բարեբախտաբար  ազատագրվեցինք արցախյան շարժման տարիներին ու կարողացանք նվաճել մեր հաղթանակը: Բայց հաղթողի հոգեբանությունը դեռ ամրագրել է պետք: Միայն մռայլ գույներով նկարագրվող ապրիլ ամսվա խորհուրդը ևս պետք է վերանայել: «Ապրիլի 24-ը միայն զոհերի հիշատակի օր չէ, այլև պայքարի ու հարատևման, ինչը պետք է արտահայտվի օրվա խորհրդի ձևակերպման մեջ»,-ասում է Հարություն Մարությանն ու հիշեցնում. «Ապրիլի 7-ին սկսվեց Վանի հերոսամարտը, որը տևեց 27 օր ու 200 հազար վասպուրականցու կյանք փրկեց»:

Ցուցադրել ավելի
Back to top button