Քաղաքական

Արտահերթ հարցերը ԱԺ օրակարգում

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

ԱԺ նոյեմբերի 10-ից 13-ի  քառօրյայի օրակարգում 143  հարց է և 28 միջազգային պայմանագիր: Օրակարգային հարցերից 4-ը կառավարությունն անհետաձգելի է համարել և առաջարկել դրանք քննարկել արտահերթ ընթացակարգով: Հարցերից երկուսը նախորդ քառօրյայում քննարկումները չավարտած օրենսդրական փաթեթներ են՝ սահմանամերձ համայնքների հարկային արտոնություններ տրամադրելու և շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին:  2 նախագիծ էլ արտահերթ քննարկման է ներկայացվել այս քառօրյայի ընթացքում: Խոսքը Բյուջե 2015-ի նախագծի և կառավարության կառուցվածքում  փոփոխությունները սահմանող օրինագծի մասին է:

Նախորդ քառօրյայի ընթացքում, սակայն, արտահերթ 2 հարց էլ առաջարկվել էր խորհրդարանական ընդդիմության կողմից: Լևոն Զուրաբյանն ԱԺ նախագահից հետաքրքվել է՝ ինչպես է որոշվում, թե արտահերթ հարցերից որի քննարկումն է ավելի առաջնային:

«Ուզում ենք հասկանալ, թե ինչու ենք խուսափում ընդդիմության կողմից բարձրացված հարցերի քննարկումից»:

Երանի թե ընդդիմությունն այնքան ուժեղ լիներ, որ խուսափեինք նրա բարձրացրած հարցերը քննարկելուց ՝ ի պատասխան ասել է Գալուստ Սահակյանը  ու  նշել , որ առաջնորդվում է  ԱԺ կանոնակարգով, իսկ ըստ դրա՝ քննարկվող հարցերի հաջորդականությունը որոշում է ԱԺ նախագահը: «Հետո կարող է Դուք ԱԺ նախագահ լինեք, Դուք էլ սրանով պետք է առաջնորդվեք», -ասել է Գալուստ Սահակյանը:

Ի դեպ քառօրյայի ընթացքում քննարկվելիք հարցերի հաջորդականությունը ներկայացնելիս Գալուստտ Սահակյանը նշել է նաև պատգամավորների 1/3-ի կողմից  արտահերթ համարված երկու նախաձեռնությունները: Դրանք խորհրդարանը կքննարկի կառավարության հեղինակած և անհետաձգելի համարված նախագծերից հետո:

Ցուցադրել ավելի
Back to top button