Հաշմանդամները կազմում են Հայաստանի բնակչության 6 տոկոսը


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Մեր երկրում հստակ ինֆորմացիա ու վիճակագրություն չկա, թե աշխատունակ հատուկ կարիքներ ունեցող անձանց որ տոկոսն է աշխատում։ Մի դրական փաստ, սակայն, արձանագրվել է՝ վերջին տարիներին փոխվել է գործատուների վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող քաղաքացիների նկատմամբ։
Ի դեպ՝ 2014 թ հուլիսի 1- ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է` 195925 հաշմանդամություն ունեցող անձ։
Մեզանից ոչ ոք այս կյանքում ապահովագրված չէ և ոչ մի դժբախտ պատահարից: Նման մի պատահարի արդյունքում 37-ամյա Արամ Պալյանի կյանքը 180 աստիճանով փոխվեց: Երիտասարդն այժմ գամված է սայլակին, սակայն դա նրան չի խանգարում, որ շարունակի մնալ ընտանիքի հայրն ու հիմնական գումար աշխատողը: Իհարկե՝ Արամի պարագայում նրան օգնեց նաև ընտրած մասնագիտությունը՝ Թունիսում ծրագրավորողի մասնագիտություն ունեցող Պալյանը աշխատանք է փնտրում, նկատում է՝ նախկինում ավելի հեշտ էր կարողանում աշխատանք գտնել, հույսը , սակայն, չի կորցնում։ «Կարծում եմ կգտնեմ աշխատանք։ Իմ մասնագիտությունն այնպիսին է, որ պահանջված է»,- ասում է։
Ի տարբերություն նախկինի՝ այժմ վերաբերմունքը հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ, իհարկե, փոխվել է, սակայն ասել, որ հաշմանդամներին բոլորը նայում են հավասարը հավասարի աչքերով, ցավոք, չենք կարող: Երևանում մի քիչ ավելի շատ, մարզերում ավելի քիչ են հասարակական վայրերը հարմարեցված հատուկ կարիքներ ունեցող անձանց համար: Տեղաշարժվելը, թերևս, նրանց առաջին խոչընդոտն է, սակայն,շարունակում է անհանգստացնել հասարակության վերաբերմունքը։
Զրուցակիցս՝ Արմավիրի մարզի բնակիչ Գարիկ Մակարյանը, շատերի նման մայրաքաղաք է գալիս աշխատելու նպատակով։ Սահմանափակ հնարավորությունները նրան չեն խանգարում, որ ԱԻՆ-ի ծրագրային ապահովման բաժնում համակարգչային օպերատոր աշխատի։ «Կան կարծրատիպեր, բայց գնալով այդ ամեն ինչը թուլանում է: Միայն վերաբերմունքը կուզենայի փոխվել: Այժմ բավականին փողոցներ մատչելի են դարձել»։
Հստակ ինֆորմացիա ու վիճակագրություն, թե աշխատունակ հատուկ կարիքներ ունեցող անձնաց որ տոկոսն է աշխատում, դժվար է ասել, սակայն «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության կողմից իրականացվող «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի ղեկավար Ջինա Սարգիզովան փաստում է՝ վերջին տարիներին փոխվել է անգամ գործատուների վերաբերմունքն աշխատանք փնտրող հատուկ կարիքներ ունեցողների նկատմամբ, «որովհետև մեր ծրագրի շրջանակներում կազմակերպվել են 17 սոցիալական ձեռնարկություններ՝ նաև բիզնես կառույցների հետ համագործակցելով։ Կան դեպքեր, երբ բիզնես կառույցը պարզապես ընդլայնել է իր կառույցը, որպեզի աշխատանքի ընդունի հաշմանդամին: Այս պրոցեսը թույլ է տալիս դատել, որ գործատուների վերաբերմունքը փոխվել է հատուկ կարիքներ ունեցողների նկատմամբ»։
Գործազրկության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում հատուկ կարիքներ ունեցողները, այդուհանդերձ, դժվարությամբ են աշխատանք գտնում: Պետությունը գործատուներին խրախուսում է՝ իրականացնելով տարբեր ծրագրեր։ Օրինակ՝ եթե գործատուն աշխատանքի է ընդունում հատուկ կարիք ունեցող անձի, ապա երկու տարի պետությունը գործատուին նվազագույն աշխատավարձի չափով գումար էր փոխանցում, այժմ երկու տարվա փոխարեն փոխահուտուցումը վեց ամիս է տևում։ Ժամկետները կրճատվել են, փոխարենը՝ ավելացել են այլ ծրագրեր, ինչպես օրինակ գումար, որը տրամադրվում է գործատուին՝ սահմանափակ հնարավորություն ունեցող անձանց աշխատավայրը մատչելի դարձնելու նպատակով։
Զբաղվածություն գործակալության տնօրեն Արտակ Մանգասարյանը որոշ մանրամասներ է ներկայացնում վերը նշված երկու ծրագրերի վերաբերյալ։ «Մինչև 2013թ աշխատատեղի հարմարեցման համար երկու հարյուր հազար էինք վճարում, 2014թ դա արդեն 500 հազար դրամ է: Մասնակի փոխհաւոտցման ծրագրով արդեն 225 հոգի այդ ծրագրում ընդգրկված են: Ծրագիրը նաև շարունակական է։ Անցյալ տարվանից էլ կան ծրագրում ընդգրկվածներ»,- ասում է։
Պաշտոնյան էլ է նկատում ՝ ամենաբարդ խնդիրը թերևս շարունակում են մնալ կարծատիպերը։ Ի դեպ՝ 2014թ. հուլիսի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 195925 հաշմանդամություն ունեցող անձ, այդ թվում 1-ին խմբի` 10971 կամ 5,6%, 2-րդ խմբի՝ 85500 կամ 43.6%, 3-րդ խմբի՝ 91334 կամ 46.6%, երեխա` 8020 կամ 4,0%: Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են բնակչության 6 %-ը։
Հաշմանդամություն ունեցող աշխատունակ տարիքի (18-ից 63 տարեկան) անձիք կազմում են 65.2%, երիտասարդ տարիքի անձիք (18-ից 40 տարեկան)` 13,9%, 40-ից 63 տարեկան անձիք` 51.3%, կենսաթոշակային տարիքի անձիք` 30.6 %: Աշխատունակ տարիքի հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը կազմում է շուրջ 9%: