Կլիմայական փոփոխություններից ամենաշատը տուժում է գյուղատնտեսությունը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանում արտակարգ հիդոօդերևութաբանական երևույթներն աճել են 1,8 դեպքով, , իսկ կրած վնասի չափը տարեկան կազմել է մինչև 250 միլիոն դրամ։ Իսկ այս տարի, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շոգ եղանակ է գրանցվել:
Ընդհանրապես՝ կլիմայի փոփոխությունը ոչ միայն բերում է ջերմաստիճանի գլոբալ բարձրացման, այլև եղանակային վտանգավոր երևույթների, կլիմայական ռիսկերի փոփոխության: Կլիմայի փոփոխությունը չի սահմանափակվում ամսական կամ տարեկան ջերմաստիճանի և տեղումների գնահատմամբ, այլև ուսումնասիրվում են վտանգավոր երևույթների հաճախականությունը
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանն այսօր Օքսֆամի և ՄԱԿ-ի Երևանի գրասենյակի հետ համատեղ ՄԱԱ- ում կազմակերպված քննարկման ժամանակ նշել է, որ կլիմայի փոփոխությունից ամենաշատ տուժում է գյուղատնտեսությունը և այն բնության մատուցած անակնկալներից փրկելու համար օդերևութաբանն առաջարկում է համալիր քայլեր ձեռնարկել:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը նշում է, որ կլիմայի փոփոխության պատճառներից են հանքային վառելիքի այրման հետևանքով առաջացած արտանետումներն ու մթնոլորտում ջերմոցային գազերի բաղադրության աճը: Արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրներում, օրինակ՝ Չինաստանում, Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում տարեկան 10 տոկոսով ավելանում են արտանետումները: ՄԱԿ-ի հաջորդ կոնֆերանսում քննարկվելու է այն հարցը, որ բոլոր երկրները պետք է ստանձնեն ջերմոցային գազերի նվազեցման ուղղությամբ պարտավորություններ: Հայաստանում 2000- 2010 թթ դիտվել են տարբեր ուժգնության երաշտներ և մինչև 2010 թվականը կլիմայական արտակարգ երևույթների վնասը կազմել է մոտ 2.8 մլրդ դոլար: