Տնտեսական

Փոխնախարարը գյուղմթերքի գնաճը հոգեբանական գործոնով է պայմանավորում

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանը վերջին 6-7 տարում արգելքի ու սահմանափակումների պատճառով Ռուսաստան մսամթերք չի կարողանում արտահանել: Մոսկվայում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի վերջին հանդիպումներն ու պայմանավորվածությունները նոր հույսեր են արթնացնում, «Ըստ պայմանավորվածության՝ մինչեւ նոյեմբերի վերջ ռուս մասնագետները կժամանեն Հայաստան, համապատասխան վերամշակող կազմակերպություններում կիրականացվի մոնիթորինգ, նրանք կներկայացնեն խնդրի լուծման իրենց առաջարկները»,- այսօր հայտարարել է գյուղփոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Պտուղ- բանջարեղենի արտահանում
Փոխնախարարը նշել է նաեւ, որ այս տարի արտահանվել է 40 հազար 244 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ անցյալ տարվա 47 հազար տոննայի դիմաց: Արտահանման նվազման պատճառը ծիրանի բերքի բացակայությունն է, մնացած պտուղ-բանջարեղենի գծով արտահանման աճ է գրանցվել:

Գյուղմթերքի իրացումը հարթ է ընթացել
Գյուղացիների ու մասնավոր հատվածի գործակցությունն այս տարի ավելի հարթ է ստացվել, մթերված բերքի դիմաց վճարումների զգալի ուշացումներ չեն եղել: Խնդիրներ կան միայն «Բորոդինո» գործարանի հետ: Ֆինանսական դժվարությունների պատճառով գործարանը դեռ շարունակում է ուշացնել գյուղացիների պարտքի մարումը: «Խորհուրդ կտամ համապատասխան պայմանագրերի առկայության դեպքում դիմել համապատասխան իրավապահ մարմիններին՝ իրենց իրավունքները վերականգնելու համար»,- ասում է Ռոբերտ Մակարյանը։

Թեեւ մթերման դիմաց վճարումները չեն ուշացվում, բայց վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս՝ համատարած գնաճի պայմաններում գյուղացուց մթերվող բերքի դիմաց վճարումները տարեկան ավելանում են չնչին չափով՝ սկսած 5 դրամից, վերջացրած առավելագույնը 100 դրամով:

Վերամշակման վերցվում է արդեն շուկայական տեսք ու օգտագործման որակ չունեցող բերքը, հիշեցնում է փոխնախարարը: «Կան տեսակներ, որոնց դիմաց վճարումների բարձրացումը 10, 15, 20 դրամ է եղել, որոշ տեսակների դեպքում՝ 100 դրամ: Լոլիկի դիմաց վճարումներն ավելացել են 5 դրամով, խաղողի մասսայական մթերման դեպքում եւս 5 դրամով»։

Գյուղարտադրանքի գնաճի մասին
2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 15.3% գնաճ:  Գյուղատնտեսության փոխնախարարից «Ռադիոլուր»-ը հետաքրքրվեց՝ ինչի հետեւանք է, մասնավորապես, կարտոֆիլի գների զգալի բարձրացումը: Արդյո՞ք դա խոսում է հանրապետությունում այդ պարենամթերքի նվազ քանակի մասին, ինչը հնարավոր է դեպի Ռուսաստան արտահանման մեծ ծավալներով: Նման հայտարարություն, հիշեցնեմ, որոշ ժամանակ առաջ արել էր նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Իսկ գյուղփոխնախարար Ռոբերտ Մակարյանն առավել հակված է գների բարձրացմանը հոգեբանական պատճառ վերագրել: Որոշ գյուղատնտեսներ հայտարարում են, թե կթանկանա, գյուղացիներն էլ վերցնում ու բարձրացնում են գները:

Ցուցադրել ավելի
Back to top button