Հասարակություն

Վթարված ջրագիծը, մասնավոր ավտոտնակը, խնդիրն իրար վրա գցող պատկան մարմինները

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Մայրաքաղաքի Թումանյան 1 հասցեի բնակիչները ջուր չունեն: Թերևս այդ հանգամանքը ուշադրություն չգրավեր և բնակիչների զայրույթը չառաջացներ, եթե մի քանի ժամով կամ մեկ օրով ջրազրվեր: Արդեն երեք օր է բնակիչները չգիտեն ում դիմեն, քանի որ պատկան բոլոր մարմինները հրաժարվում են պատասխանատվության իրենց բաժնից: Պարզվում է այս ողջ իրարանցումն առաջացրել է մասնավոր ավտոտնաը, որը կառուցվել է ջրագծիի վրա և որի սեփականատերը հրաժարվում է օգնել բնակիչներին։

Թումանյան 1 հասցեի բնակիչներն արդեն երրորդ օրն է չգիտեն ում դիմեն: Երրորդ օրն էլ անցավ՝ շենքում ջրամատակարարում չկա և պատճառը ոչ թե հերթական ջրանջատումներն են՝ կապված որակի բարելավվման կամ այլ աշխատանքների հետ, այլ՝ հարակից ավտոտնակը։

Պարզվում է բազմաբնակարան շենքի ջրագիծի անցնում է ոչ ավել, ոչ պակաս՝ տվյալ ավտոտնակի միջով: Թե ինչպես է ջրագիծը հայտնվել մասնավոր տարածքում, կամ ում թույլտվությամբ է ավտոտնակը կառուցվել ջրագծի  վրա, «Ռադիոլուրը» կանդրադառնա ավելի ուշ:

Վերադառնալով շենքի ջրազրկմանը՝ նշենք, որ բնակիչները 3 օր շարունակ զանգահարում են հնարավոր բոլոր պատկան մարմիններին պարզելու, թե ինչպես պետք է լուծվի խնդիրը: Պարզվում է՝ միակ օղակը, կամ ավելի ճիշտ կլինի ասել այս դեպքում՝ միակ անձը, ով կարող է լուծել այս բնակիչների խնդիրը, ավտոտնակի սեփականատերն է։ Նա էլ ոչ միայն քաղաքում չէ, այլև հրաժարվում է օգնել բնակիչներին:

«Ռադիոլուրն» էլ իր հերթին գնաց շենքի ջրազրկման  հետքերով և ահա թե ինչ պարզեց: Տվյալ տարածքի համատիրության գլխավոր ինժեներ Արթուր Գալստյանը հայտնեց, որ ջրամատակարարումը դադարեցրել է «Երևան ջուր» ընկերությունը: Նա հայտնեց, որ լավատեղյակ է խնդրից և որոշ մանրամասներ փոխանցեց. «Սեփականատիրոջ հետ կապվել ենք, նա չի ուզում գալ, որպեսզի այդ աշխատանքները մենք կատարենք: Երկրորդը՝ ջրմուղը ջրային կորուստ ունի, անջատել է ջուրը ու չգիտես ինչու՝ ամբողջ քաղաքը մեղադրում է համատիրությանը: Եթե մեզ չեն թողնում սեփական տարածք մուտք գործել, մենք ո՞վ ենք, որ մտնենք սեփական տարածք։ Չեմ կարող պատասխանել ձեր հարցին՝ թե ով է թույլ տվել այդտեղ կառուցել ավտոտնակ»։

Կապվեցինքն նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան վաչության հետ: Կոմունալ տնտեսության կենսապահովման բաժնի գլխավոր մասնագետ Հարություն Գրիգորյանը ևս ծանոթ էր խնդրին։ «Մենք այդ հարցը փոխանցել ենք մեր համատիրությունների հետ աշխատանքների բաժին: Համատիրությունն ինչպես կարող է ասել՝ ես ոչինչ չեմ կարող անել»,- նշեց։

Համատիրությունների բաժնի պատասխանատուն էլ ի պատասխան մեր հարցման հայտնեց, որ համատիրությունները չեն զբաղվում դրանով։

Հիշեցնենք, որ «Ռադիոլուրն» արդեն կապվել էր կենսապահովման բաժնի գլխավոր մասնագետ Հարություն Գրիգորյանի հետ, ով էլ իր հերթին ուղորդել էր զանգահարել համատիրությունների հետ աշխատանքների բաժին: Այսպիսով՝ ունենք խնդիր, բայց չկա պատասխանատու:

Փորձեցինք պարզաբանում ստանալ նաև կենտրոն վարչական շրջանի կոմունալ  բաժնից։ «Մեր աշխատակից Սիմոնն է զբաղվում այդ հարցով: Ճիշտ կլինի մի հատը էլ «Երևան ջրի» հետ կապվեք»,- խորհուրդ տվեցին։

Ի դեպ՝ «Երևան ջուր» ընկերությունից էլ հայտնեցին, որ ջրամատակարարման առումով տվյալ տարածքի հետ ոչ մի խնդիր չունեն: Խնդիրն այն է, որ ընկերության բաշխիչ ցանցը ավարտվում է տեղում կառուցված բակային պոմպակայաններով: Օրենքով՝ դրանից հետո տարածքի ջրամատակարարումն իրականացնում են համատիրությունները, նշեց ընկերության մամուլի քարտուղար Մուրադ Սարգսյանը։

«Մենք այնտեղ ջուր ունենք, պոմպակայանն էլ ջուր ունի, սակայն պոմպակայանից դեպի շենք գնացող ջրագիծը վթարվել է: Համատիրությունը փորձում է այնտեղ վթարը վերացնել, սակայն չի հաջողվում, քանի որ կա մասնավոր շինություն: Բանակցություններ են գնում ավտոտնակի սեփականատիրոջ հետ և մենք չենք էլ կարող ասել, ու նաև մեր իրավասությունների մեջ չէ, պարզել արդյո՞ք այդ ավտոտնակը օրինական է այդտեղ կառուցվել , թե՞ ապօրինի: Սա արդեն տեղական ինքնակառավարման մարմինների պարզելու հարցն է՝ իրավական հարթության վրա»,- նկատեց «Երեւան ջուր»- ի ներկայացուցիչը։

Ամեն դեպքում՝ քանի որ խոսքը «Երևան ջուր»- ի սպառողների մասին է խոսքը, ընկերությունը փորձում է սպասարկման այլընտրանքային ճանապարհ գտնել, սակայն, ինչպես նկատեց Մուրադ Սարգսյանը, դա ևս խնդրի լուծում չէ, քանի որ այլընտրանքային ճանապարհներով և ճնշման ոչ լիարժեք լինելու պատճառով ոչ բոլոր հարկերում և բնակարաններում կկարողանան ջուր մատակարարել։

«Ռադիոլուրը» կհետեւի իրադարձությունների զարգացումներին՝ նաեւ պարզելու համար, թե ի վերջո պատկան որ մի մարմնի թողտվությամբ է ջրագիծը հայտնվել մասնավոր կառույցի տակ։

Ցուցադրել ավելի
Back to top button