Հասարակություն

Ստեղծվել է հայերեն առցանց շտեմարան, այն ներառում է 94 000 բառ

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ԿԳՆ աշխատակազմի լեզվի պետական տեսչության և «Իսմա» ընկերության միջև այսօր կնքվել է հայալեզու էլեկտրոնային առցանց շտեմարանի որակի վերահսկման համագործակցության վերաբերյալ հուշագիր: Հայերենի բացատրական և թարգմանչական էլեկտրոնային առցանց շտեմարանի բարձր որակն ապահովվելու է լեզվի պետական տեսչության հետ համագործակցությամբ:

«Իսմա» ընկերությունը ներկայացրել է հայոց լեզվի բացատրական և թարգմանչական 10 օտար լեզուներով առցանց բառարանների մշակում: Կարևորելով ձեռնարկի ստեղծումը՝ Լեզվի պետական տոսչության պետ Սերգո Երիցյանը նշել է, որ եթե մենք այսօր չմտածենք այն հարստացնելու մասին՝ վաղը կկանգնենք հայապահպանության լուրջ խնդրի առջև:

«Այս ծրագիրը նաև հայրենասիրական ջիղ ունի: Հուսով եմ, որ միգրացիոն տարբեր երևույթների առկայության պայմաններում նրանք, ովքեր ուզում են պահպանել իրենց մայրենին, այս համակարգը կարող է օգնության գալ: Սա զուտ լեզվաբանական խնդիր չէ»:

«Այս շտեմարանը հնարավորություն կտա յուրաքանչյուրին իր մոտ ունենալ մայրենի լեզուն: Բառարանների նոր տեխնոլոգիա ենք մշակել, և այս տեխնոլոգիայի միջոցով յուրաքանչյուր տառ և հնչյուն ուղեկցվում է ձայնային հնչեղությամբ: Սա նաև յուրօրինակ այբբենարան է»,-ասել է ՀՊՃՀ դասախոս, պրոֆեսոր Էդիկ Մանուկյանը՝ հավելելով, որ շտեմարանում ընդգրկված է 94 000 հոմանիշ:

Ցուցադրել ավելի
Back to top button