Տնտեսական

Հայաստանը՝ կամուրջ եվրոպական եւ ռուսական տնտեսությունների միջեւ

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Թեեւ 2015-ի բյուջեի նախագծի ձեւավորման ժամանակ դեռ հաշվարկված չէր, թե հաջորդ տարվամից ԵՏՄ-ին անդամակցելը թվային ինչ արտացոլում կունենա Հայաստանի վրա, այնուամենայնիվ, մեզ մոտ՝  պաշտոնյաները մեծ սպասելիքներ ունեն այս միությունից: Դրական կողմերը ներկայացնելիս՝ ասում են, որ ԵՏՄ բոլոր անդամ պետություններից միայն Հայաստանն ունի Եվրամիության GSP+ կարգավիճակ: Դա ենթադրում է հետեւյալ արտոնությունները. Հայաստանից Եվրամիության երկրներ արտահանվող շուրջ 10 հազար ապրանքատեսակից մոտ 2/3-ի ՝ շուրջ  6 600-ի համար մենք ունենք իրացնելու արտոնյալ պայմաններ:

 

 

Հայաստանում այսօր հույս ունեն, որ ԵՏՄ անդամ-պետությունները առաջիկայում համատեղ, թե առանձին ձեռնարկություններ կհիմներ այստեղ, որ օգտվեն Եվրամիության GSP+ համակարգի արտոնություններից՝ եվրոպական շուկա մուտք գործելու համար: Բազմակողմանի շահերն այստեղ ակնհայտ են, իսկ հեռանկարները՝ գայթակղիչ: Բայց չմոռանանք, որ ավելի փոքր ապրանքատեսակների համար նախատեսված GSP համակարգ ժամանակին ունեցել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունը, որը պատժամիջոցների պատճառով զրկվեց այդ արտոնություններից: Հիմա եթե պատկերացնենք, որ Ռուսաստանը Հայաստանի օգնությամբ փորձի շրջանցել պատժամիջոցները եւ կրկին մտնել եվրոպական շուկա ու դա հասկանան նաեւ Եվրամիությունում, արդյո՞ք հնարավոր է, որ Հայաստանը նույնպես պատժվի եւ զրկվի GSP+-ի արտոնություններից: Այս խնդիրը հասկանալու համար «Ռադիոլուր»-ը դիմեց Աժ-ի ֆինանսավարկային եւ բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին:

«Եթե ասենք ռուսական որեւէ ընկերություն Հայաստանում ստեղծի իր դուստր ընկերությունը բացարձակապես ռուսական կապիտալով, ուղղակի այն լինի ՀՀ-ում գրանցված իրավական սուբյեկտ, իր արտադրանքը ստեղծի Հայաստանի տարածքում որեւէ պրոբլեմ չկա Հայաստանի համար, որը մեզ կարող է վտանգել եւ այդ կարգավիճակից զրկել»:

Կան հստակ ձեւակերպումներ, թե ինչի պատճառով երկիրը կարող է զրկվել GSP+-ի արտոնություններից՝ եթե երկիրը դավաճանի մարդու իրավունքների բնագավառում իր ձեռքբերումներին, եթե մամուլի ազատությունը նվազեցվի, եթե բարեփոխումները հետընթաց ունենան: Հայաստան-ԵՏՄ զարգացումներին զուգահեռ զարգանում են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունները, ասում է Գագիկ Մինասյանը՝ նկատի ունենալով համագործակցության մասին նոր փաստաթղթի նախապատրաստումն ու համագործակցության ոլորտների հստակեցման գործընթացը:

Այնպես որ այս առումով Հայաստանին որեւէ վտանգ չի սպառնում: Ինչ վերաբերում է հաջորդ տարվա բյուջեի նախագծում նշված 4.3 տոկոսանոց տնտեսական աճին, ապա հիշեցնենք, որ դեռեւս այս տարվի նախատեսած տնտեսական աճը նախատեսվածի չափ չի լինելու: Գագիկ Մինասյանը նախ՝ նշում է, որ 2015-ի բյուջեն փորձ է արվել կազմել իրատեսական հենքի վրա, հետո էլ հավելում.

«Պատճառներն ավելի քան ակնհայտ են, դրանք արտաքին տնտեսական ոչ բարենպաստ զարգացումներն են, քանի որ դրանք իրենց հենքում ունեն քաղաքական գործոնը, իսկ այդ քաղաքական գործոնի ազդեցությունը բավականին կախված է այն հարաբերություններից, որոնք այսօր ձեւավորվում են Ուկրաինայի շուրջ, դժվար էր այն կանխատեսել հենց տարվա սկզբից: Դա էր թերեւս պատճառը’:

Այս պահի դրությամբ հստակ հաշվարկներ չկան նաեւ հաջորդ տարվա բյուջեում: Հիշեցնենք՝  մշտական հանձնաժողովներում բյուջետային լսումների ժամանակ Կառավարությունն այդպես էլ չներկայացրեց ԵՏՄ-ին անդամակցելու թվային արտացոլումը: Հիմնական բյուջեն պատրաստ է, իսկ ԵՏՄ-ի հետ կապված հաշվարկները դեռ արվում են:

Ցուցադրել ավելի
Back to top button