Արցախյան պատումի՝ «Ապրելու բանաձեւ»- ի հերթական հատորը


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Նա իր վիշտը բռունցք արած ստանձնեց արցախյան պատերազմի բանահավաքի ու պատմիչի դերը: Այն, ինչ թվում է վերջն էր, Գոհարը կարողացավ դարձնել սկիզբ»,- այսօր ասել է Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Նորա Հակոբյանը՝ Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձեւ» մատենաշարի 7- րդ հատորի շնորհանդեսի ժամանակ։
«Մենք անպայման կունենաք այն Հայաստանը, որի մասին երազում է մեզնից յուրաքանչյուրը, եթե այս հերոսների սխրանքի պատմությունն ու նրանց ապրելու բանաձևը դառնա մեր ապրելու բանաձևը»,- ասում է մատենաշարի հեղինակը։
«Ապրելու բանաձեւ»- ը նաեւ հաղորդաշար է, որը տարիներ շարունակ հնչում է Հանրային ռադիոյի եթերում եւ պահպանվում ոսկե ֆոնդում։
Նյութն ինքնին հուզիչ է, բայց նաև հույս, հպարտություն ու լավատեսություն ներշնչող: Հաղորդաշարի եւ մատենաշարի հեղինակ Գոհար Մարտիկայնը մեկ առ մեկ հավաքում ու ներկայացնում է արցախյան ազատամարտում անմահացած մեր քաջազունների կյանքն ու նրանց սխրանքի պատմությունները` յուրաքանչյուր պատմության հետ վերապրելով սեփական վիշտը։ Նրա որդին՝ սերժանտ Աշոտ Չախոյանը հատուկ նշանակության գնդի առաջին զոհն էր:
«Շնորհակալություն, որ ձեր «Ապրելու բանաձեւ»- ով ուժեէ տալիս բոլորիս եւ առաջին հերթին ինձ»,- ասում է 2014-ի հունվարին ադրբեջանական դիվերսիոն հարձակումը հերոսաբար ետ մղած կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի մայրը: