Հասարակություն

Ամեն տարի 32 հազար մարդ հեռանում եւ չի վերադառնում Հայաստան.Ռուբեն Եգանյան

Կարեն Ղազարյան
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 

 

Միգրացիոն իրավիճակը, այդ թվում՝ այսպես կոչված սեզոնային միգրանտների առումով էական փոփոխություններ չի կրել: Լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ նշել է ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը: Նրա խոսքով՝ շարունակվում են նույն երեւույթները, որոնք կային ու կլինեն դեռեւս տեւական ժամանակ: Որքա՞ն է այս տարի կազմում Հայաստանից մշտապես էմիգրացվողների թիվը: Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանն ասել է, թե այս մասին ստույգ տվյալներ հնարավոր չէ այս պահին ասել: Ըստ նրա՝ դրա վերաբերյալ հնարավոր կլինի պատկերացում կազմել տարվա ավարտից հետո միայն՝ հունվար-փետրվար ամիսներին, երբ սահմանային հսկողության համակարգը կտա մեկնածների եւ վերադարձածների մասին ամբողջական տվյալներ եւ հնարավոր լինի հաշվել դրանց տարբերությունը: Մի բան, ըստ ժողովրդագետի, հստակ է. «Այն, որ այդ տարբերությունը կլինի բացասական նշանով՝ հօգուտ մեկնածների, դրանում կասկած լինել չի կարող: Այլ բան է, թե ինչքան կկազմի այդ բացասական մեծությունը»:

Ստացվում է հետեւյալը՝ միջին տարեկան հաշվարկով՝ ամեն տարի 32 հազար մարդ հեռանում եւ չի վերադառնում Հայաստան: Այս ցուցանիշին անդրադարձավ նաեւ ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը՝ շեշտելով, որ 2001 եւ 2011-ի մարդահամարների արդյունքում էր պարզվել նման ցուցանիշ:

« Երկու մարդահամարների միջակայքում՝ երկու կետերի միջեւ ընկած ժամանակահատվածում մոտ 320 հազար մարդ է մեկնել ու չի վերադարձել երկիր»:

Թե այս տարվա համար ինչպիսի՞ պատկեր կլինի՝ դեռ պարզ չէ:

Back to top button