Քաղաքական

Ադրբեջանական կողմի հերթական սադրանքները՝ արդեն Լոնդոնում կայացած միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

Նոյեմբերի 6-ին ավարտվել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում կայացած «WTM-Excel London-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը: Միջոցառմանն իր մասնակցությունն է ունեցել նաև ԼՂՀ պատվիրակությունը, որն իրականացրել է լայնածավալ քարոզչություն՝ Արցախի զբոսաշրջային ներուժը ներկայացնելով բրիտանական տուրիստական շուկայում: Բացի տեղեկատվական նյութեր տարածելուց, պատվիրակությունը կազմակերպել է գինու համտես, ինչպես նաև՝ ավանդական ուտեստների հյուրասիրություն՝ բազմապատկելով Արցախի տաղավարի այցելուների թիվը:

Այս անգամ ևս ադրբեջանական կողմը զերծ չի մնացել իր համար ավանդական դարձած սադրանքներից: Ցուցահանդեսի աշխատանքների երկրորդ և  վերջին օրերին մի խումբ ադրբեջանցի երիտասարդներ դրոշներով շրջապատել էին Արցախի տաղավարը և փորձել խափանել պատվիրակության աշխատանքները՝ փակելով մուտքը դեպի ԼՂՀ տաղավար: Հատկանշական է, որ «ցուցարարների» մեջ կային նաև Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներ: ԼՂՀ և ՀՀ պատվիրակությունների ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել կասեցնել սադրանքը. կարճ ժամանակ հետո անվտանգության աշխատակիցները դուրս են բերել ադրբեջանցի կարգազանց երիտասարդներին:

Ըստ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի, ով այս օրերին ղեկավարում էր Արցախի պատվիրակությունը Լոնդոնի ցուցահանդեսում՝ «վերջին շրջանում միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում ադրբեջանցիների նման սանձազերծ պահվածքը պայմանավորված է գլխավորապես ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունում Ադրբեջանի կողմից նախաձեռնված հակահայկական բանաձևի ձախողմամբ: Խոսքը վերաբերում է ս.թ. հոկտեմբերին Սամարղանդում կայացած նշյալ կառույցի գործադիր խորհրդի նիստում Ադրբեջանի կողմից նախաձեռնված «Օկուպացված տարածքներում զբոսաշրջության քարոզչությունը կանխելու մասին»  բանաձևին: Նիստի ընթացքում Ադրբեջանի կողմից առաջարկված  վերոհիշյալ բանաձևը չի ընդունվել ոչ մի երկրի կողմից: Իսկ ադրբեջանական ցույցերը նպատակ են հետապնդում ֆիզիկապես անհնար դարձնել ԼՂՀ մասնակցությունը միջազգային խոշոր ցուցահանդեսներին, սակայն ապարդյուն»,- նշել է Սերգեյ Շահվերդյանը:

«World Travel Market»  միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը համարվում է խոշորագույն տուրիստական իրադարձություն, որի ժամանակ հազարավոր ընկերություններ և աշխարհի գրեթե բոլոր երկրները ներկայացնում են զբոսաշրջության ոլորտում իրենց ներուժն ու ձեռքբերված հաջողությունները:

Լուսանկարները՝ վարչության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Ցուցադրել ավելի
Back to top button