Հայ եւ թուրք գործարարները ընդհանուր հետաքրքրություն են որոնում ՏՏ ոլորտում


Լենա Բադեյան
«Ռադիոլուր»
Հայաստանում են Թուրքիայից 30-ից ավելի գործարարներ՝ հետաքրքրության ուղղությունները ճշտելու համար: Նրանց հետաքրքրությունը մեկն է՝ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները: Ձեռներեցների, ծրագրավորողների, դիզայներների, վաճառքի մասնագետների, արտադրողների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել կլոր սեղան, վաղը մեկնարկելու է նաեւ «Սթարթափ ուիքենդ» միջոցառումը, որը նոյեմբերի 8-9 կշարունակվի արդեն Գյումրիում:
Իսկ այսօր հայ մասնագետներն իրենց թուրք գործընկերներին ներկայացրել են ոլորտում Հայաստանի ձեռքբերումները եւ հեռանկարները:
« Ես չէի հավատում, որ կգտնեինք ձեռներեցների, ովքեր հետաքրքրված կլինեին, բայց չափից ավելի շատ մարդ դիմեց եւ ստիպված էինք ընտրել: Սա նոր հնարավորություն է մերձեցման նոր ջանքերում»,- ասում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Ըստ նրա՝ դիվանագիտության «առաջին ուղին» երբեմն աշխատում է, երբեմն՝ ոչ: Այս նախաձեռնությամբ գործի է դրվում դիվանագիտության «երկրորդ ուղին», այսինքն՝ քաղաքացիական հասարակությունը եւ մասնավոր ձեռներեցները: