

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում երեկ հնչեցրած հայտարարության փակագծերն այսօր կառավարության նիստի սկզզբում բացեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը.«Այն առաջարկում եմ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն ստեղծել, ինչպես նաև միացնել տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները»:
Նիստի վերջում կառավարության աշխատակազմի ղեկավար -նախարար Դավիթ Հարությունյանը առաջարկեց փոփոխություններ ու լրացում կատարել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում, այն համարել անհետաձգելի, ու ներկայացնել ԱԺ: Նախագիծը հաստատելուց հետո, այսպիսով, կունենանք տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարություն և մեկ նոր՝ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը դեռ նոր աշխատանքի հրավեր չի ստացել, եթե ստանա, կմտածի, առաջրակն ընդունե՞լ, թե՞ ոչ: Մինչ այդ, նա դրական է համարում երկու նախարարությունների միաձուլումը:
«Արդեն միացումից հետո աշխատանքները համատեղ կկատարեն, հիմնականում փրկարաները մարզերում են աշխատում, մշտապես համագործակցում են»:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գիտի, թե ովքեր են լինելու կառավարության նոր անդամները, սակայն, փակագծեր չի բացում, կառուցվածքային փոփոխությունները դրական է գնահատում, նշում, որ նոր նախարարությունը զբաղվելու է հատկապես տնտեսական ոլորտում ԵՄ հետ նոր որակի և նոր տեսակի հարաբերությունների իրականացմամբ: Իսկ նրանց, ովքեր տրամաբանություն չեն տեսնում Արտակարգ Իրավիճակների ու Տարածքային Կառավարման նախարարությունների միացման մեջ, հորդորում է ԱԻ-ի գործառույթներն ավելի խորը ուսումնասիրել.«ԱԻՆ-ն այն նախարարություններից է, որ ունի տարածքային կառավարման մարմիններ, տեղերում համագործակցում է համայնքապետերի, մարզպետների հետ, համադրելի են ոչ թե գործառույթները, այլ՝ մանդատները: Կարծում եմ, որ շատ բնական որոշում է»:
Կառավարության այսօրվա նիստում ևս մեկ քաղաքական հարց հանգուցալուծում ստացավ, Վայքի քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ: «Որոշումը քաղաքական էր»,- ասաց-,«Նոր պաշտոնի առաջարկը երեկ է ստացել»: Շուրջ ութ տարի Վայոց Ձորի փոխմարզպետ Սարգսյանը մարզպետի պաշտոնում մարզպետարան վերադառնալուց հետո խոստացավ կադրային ջարդ չանել, լրագրողների հետ բաց ու թափանցիկ աշխատել:
«Ապրել և ապրելու եմ Վայոց Ձորում, ժողովրդի հետ հարաբերվելու եմ այնպես, ինչպես հարաբերվել եմ քաղաքապետ ժամանակ»:
Հարություն Սարգսյանը այսօր մեկ անգամ ևս հերքեց ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականը չէ: