ԿարևորՔաղաքական

Կառավարության կառուցվածքային փոփոխություններն ու ակնկալվող դրական արդյունքը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝  կառավարությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում երեկ հնչեցրած հայտարարության փակագծերն այսօր կառավարության նիստի սկզզբում բացեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը.«Այն առաջարկում եմ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների  նախարարություն ստեղծել, ինչպես նաև միացնել տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները»:

Նիստի վերջում կառավարության աշխատակազմի ղեկավար -նախարար Դավիթ Հարությունյանը առաջարկեց փոփոխություններ ու լրացում կատարել  «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» օրենքում, այն համարել անհետաձգելի, ու ներկայացնել ԱԺ: Նախագիծը հաստատելուց հետո, այսպիսով, կունենանք տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարություն և մեկ նոր՝ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների  նախարարություն: ԱԻ նախարար Արմեն Երիցյանը դեռ նոր աշխատանքի հրավեր չի ստացել, եթե ստանա, կմտածի, առաջրակն ընդունե՞լ,  թե՞ ոչ: Մինչ այդ, նա դրական է համարում երկու նախարարությունների միաձուլումը:

«Արդեն միացումից հետո աշխատանքները համատեղ կկատարեն, հիմնականում փրկարաները մարզերում են աշխատում, մշտապես համագործակցում են»:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գիտի, թե ովքեր են լինելու կառավարության նոր անդամները, սակայն, փակագծեր չի բացում, կառուցվածքային փոփոխությունները դրական է գնահատում, նշում, որ նոր նախարարությունը զբաղվելու է հատկապես տնտեսական ոլորտում ԵՄ հետ նոր որակի և նոր տեսակի հարաբերությունների իրականացմամբ: Իսկ նրանց, ովքեր տրամաբանություն չեն տեսնում Արտակարգ Իրավիճակների ու Տարածքային Կառավարման  նախարարությունների  միացման մեջ, հորդորում է ԱԻ-ի գործառույթներն ավելի խորը ուսումնասիրել.«ԱԻՆ-ն այն նախարարություններից է, որ ունի տարածքային կառավարման մարմիններ, տեղերում համագործակցում  է համայնքապետերի, մարզպետների  հետ, համադրելի են ոչ թե գործառույթները, այլ՝ մանդատները: Կարծում եմ, որ շատ բնական որոշում է»:

Կառավարության այսօրվա նիստում ևս մեկ քաղաքական հարց հանգուցալուծում ստացավ, Վայքի քաղաքապետ, ՀՀԿ-ական Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ: «Որոշումը քաղաքական էր»,- ասաց-,«Նոր պաշտոնի առաջարկը երեկ է ստացել»:  Շուրջ ութ տարի Վայոց Ձորի փոխմարզպետ Սարգսյանը մարզպետի պաշտոնում մարզպետարան վերադառնալուց հետո խոստացավ կադրային ջարդ չանել, լրագրողների հետ բաց ու թափանցիկ աշխատել:

«Ապրել և ապրելու եմ Վայոց Ձորում, ժողովրդի հետ հարաբերվելու եմ այնպես, ինչպես հարաբերվել եմ քաղաքապետ ժամանակ»:

Հարություն Սարգսյանը այսօր մեկ անգամ ևս հերքեց ՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականը չէ:

Ցուցադրել ավելի
Back to top button