Վերլուծական

Վրաստանը կառավարական ճգնաժամում. պաշտոնանկ են արվել արեւմտամետ նախարարներ

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Վրաստանը  ներքաղաքական ճգնաժամի մեջ:  Երկու տարի առաջ իշխանության եկած «Վրացական երազանք»   կոալիցիան անկում է ապրում։ Տարաձայնությունները  հանգեցրել են պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի պաշտոնանկությանը։ Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ հայտարարել է, որ դրանով կանխում է պաշտպանության նախարարության մասնավորեցումը։ Հետեւել են նաեւ այլ հրաժարականներ։

Վրաստանում վերլուծաբանները կարծում են, որ Ալասանիայի պաշտոնանկությունը և դրան հետևող իրադարձությունները երկրում կառաջացնեն քաղաքական նոր ճգնաժամ: Պաշտպանության նախարարի պաշտոնանկությունից հետո հրաժարական են ներկայացրել Եվրոպական և եվրաինտեգրման հարցերով նախարար Ալեքսի Պետրաշվիլին,  ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն (նա Ալասանիայի կնոջ քույր է) և  նրա տեղակալները։

Հիշեցնեմ. ՊՆ մի շարք աշխատակիցների նկատմամաբ հարուցվել է քրեական գործ` պետական միջոցները յուրացնելու մեղադրանքով:  Ալասանիան դա համարել էր անհիմն, քաղաքական նպատակաուղղված հարձակում և երկրի եվրոպական ու եվրատլանտյան ինտեգրացմանը խոչընդոտող քայլ։ Վարչապետ Ղարիբաշվիլին  հայտարարելով Ալասանիայի պաշտոնաթողության մասին, նշել էր. «Ես որոշեցի պաշտոնաթող անել պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, որպեսզի թույլ չտամ պաշտպանության նախարարության սեփականաշնորհում եւ չխանգարեմ հետաքննության աշխատանքին»։

«Վրաստանում մշտական ճգնաժամի պատճառն այն է,  որ շատ լիդերներ զրկված են առաջնորդին  հատուկ մի շարք կարևոր որակներից: Այս դեպքում նրանք հավակնություններով են առաջնորդվում, չեն ինտեգրվում կոալիցիայում և աշխատելու փոխարեն տարաձայնություններն են խորացնում»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց վերլուծաբան Գեորգի Արեշիձեն՝ խոսելով  նաև  քաղաքական կյանքում Բիձինա Իվանիշվիլիի դերի ու վարչապետ-նախագահ շարունակվող տարաձայնության մասին։

Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադառնալով տիրող իրավիճակին ասել է, որ «երկիրը պետք է կառավարվի ուժեղ ինստիտուտների կողմից և ոչ թե կուլիսներից»:

Վերլուծաբան Արեշիձեի գնահատմամբ՝ եթե Ալասանիայի ղեկավարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորները եւս թողնեն իրենց մանդատները, ապա իշխող կոալիցիան չի լինի այլևս մեծամասնություն և երկրում կստեղծվի փակուղային իրավիճակ։

Քաղաքագետ Ռամազ Սակվերալիձեն կարծում է, որ կոալիցիայի տրոհման դեպքում պետությունը կարող է կորցնել որոշումներ իրականացնելու հնարավորությունը: Դրանից չի շահի ոչ երկիրը, ոչ էլ որևէ կուսակցություն:

Ի դեպ՝ պաշտոնաթող նախարար Իրակլի Ալասանիան համաձայն մի շարք հարցումների  համարվում է ամենամեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչը Վրաստանում: Նա նախկին խորհրդային երկիրը փորձում է մոտեցնել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Այսպես են կարծում  մի խումբ օտարերկրյա դիվանագետներ՝ նշելով, որ այժմ երկրի արատքին քաղաքական կուրսը կասկածի տակ է։

Նախկին վարչապետ, վրացի միլիարդատեր  Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած «Վրացական երազանքը» մի խումբ կուսակցություններ միավորող կոալիցիա է, որը իշխանության եկավ 2012թ`  վերջ դնելով  արևմտամետ նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ու նրա կուսակցության տասնամյա իշխանությանը։

Իվանիշվիլին  հրաժարական ներկայացրեց 2013թ.-ին։ Հակառակ սպասումներին, թե վարչապետի աթոռը կփոխանցի Ալասանիային, վարչապետ նշանակեց 31-ամյա  Իրակլի Ղարիբաշվիլիին: Սակայն ինչպես ենթադրում են շատ վերլուծաբաններ։ նա  շարունակում է  կառավարել երկիրը կուլիսներից։

Ցուցադրել ավելի
Back to top button