Հասարակություն

Ոչ պաշտոնական տվյալներով թմրամոլների թիվը մեր երկրում անցնում է 12700-ը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

ՀՀ-ում հաշվառված է 4922 թմրամոլ: 2902-ը օգտագործում են ափիոնատիպ նյութեր, 2018-ն օգտագործում են բույսերից պատրասված թմրամիջոցներ և 2 հոգի՝ կոկային, ներկայացնելով Հայաստանում թմրամոլների վիճակագրությունը՝ ասել է Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի ղեկավար Սուրեն Նազինյանը:Նա նաև նշել է, որ հաշվառվածների թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է 600-ով: Պատճառների մասին էլ խոսել է հոգեբան, գիտությունների թեկնածու Լիլիթ Բաղդասարյանը: Հիմնական պատճառը հետաքրքրությունների սահմանափակ լինելն է: 

 

 

2014 թվականի հունվարի մեկի դրությամբ Հայաստանում թմրամիջոց օգտագործողները 4922-ն են: Սա պաշտոնական տվյալներն են, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր գրանցված են նարկոլոգիական հիմնարկներում: Այս թիվն, ի դեպ, նախորդ տարվա համեմատ 600-ով աճել է:

Ոչ պաշտոնական տվյալներով, այսինքն ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալներով՝ թմրամիջոցներից կախվածություն ունեցողների թիվն անցնում է 12700-ը, լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի ղեկավար Սուրեն Նազինյանը:

« 2902-ը օգտագործում են ափիոնատիպ նյութեր, 2018-ն օգտագործում են բույսերից պատրասված թմրամիջոցներ և 2 հոգի՝ կոկային»:

Գրանցվածների 70 տոկոսը 28-49 տարեկան անձինք են, 3 հոգի 18 տարեկան և մեկ դեռահաս՝ 14 տարեկան: Հաշվառված թմրամոլներից 67-ը կին են:

Անդրադառնալով պատճառներին՝ Սուրեն Նազինյանը նշեց, որ դրանք հիմանկանում երեքն են: Թմրամիջոցների օգտագործման կարող են բերել անձնական, սոցիալ-հոգեբանական և ախտաբանական խնդիրները: Հայաստանում գերակշռում են անձնական դրդապատճառներով թմրամիջոցներին դիմողները: Քանի որ թմրամիջոց օգտագործողները հիմնականում միջին տարիքային խմբի անձինքն են, նրանք այդ քայլին դիմում են պարզապես փորձելու նպատակով:

Պատճառներց մեկն էլ հետաքրքրությունների սահմանափակ լինելն է, նշեց հոգեբան Լիլիթ Բաղդասարյանը: Թեև հոգեբանի ինստիտուտն այժմ բավականին կայացած է և դրանով էլ պայմանավորված է հասարակության վստահության աճը հոգեբանների նկատմամբ, այնուամենայնիվ, թմրամոլությունը շատ նուրբ թեմա է և թմրամիջոց օգտագործողները որպես կանոն հոգեբանի չեն դիմում: Նրանց փոխարեն դա անում են ծնողներն ու հարազատները:

Թե թմրամիջոցներից կախվածություն ունեցողների քանի տոկոսն է վերջնական բուժում ստանում, թմրամոլության մոնիթորինգի ղեկավարը չի կարող ասել, առավել ևս, երբ թմրամիջոցից կախվածությունը խրոնիկական հիվանդության պես մի բան է: Անգամ երկարատև և հիմնավոր բուժում անցնելուց հետո բավական է մեկ անգամ դարձյալ դիմել այդ քայլին, կամ փորձել և հիվանդությունը ոչ միայն կկրկնվի, այլև կսրվի ու չի բացառվում, որ տվյալ անձն այլևս երբեք չվերականգնվի:

Ցուցադրել ավելի
Back to top button