Տնտեսական

Թանկացե՞լ է արդյոք հավկիթը. ըստ ԳՆ- ի՝ ոչ, ըստ ԱՎԾ- ի՝ այո

Լիանա Եղիազարյան
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»

Ամանորին ընդառաջ տեղական շուկայում հավկիթի դեֆիցիտ կամ գնի բարձրացում չի լինի, այսօր հայտարարել են գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանն ու Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:

«Ընթացիկ տարվա ինն ամիսների ընթացքում մեր երկրում արտադրվել է 543 մլն ձու, մինչդեռ անցյալ տարի այդ նույն ժամանակահատվածում թվի արտադրությունը կազմել է 527 մլն, այսինքն՝ մենք այս տարի նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում ենք երեք տոկոսով:  Ըստ մեր կանխատեսումների՝ 2014թ ՀՀ-ում կարտադրվի 630-640 մլն ձու, որը նախորդ տարվանից ավելի կլինի 4,5-5 տոկոսով»,- նշել է Աշոտ Հովհաննիսյանը։

Տեղական արտադրողներն Ամանորին ընդառաջ  սկսել են  հավկիթ պահեստավորել:  Գյուղնախարարության պաշտոնյան փոխանցում է իրենց մոտ կենտրոնացված տվյալները՝   այս  պահի դրությամբ իրացման ենթակա ավելի քան երկու միլիոն ձու կա: Հայաստանում ամեն օր արտադրվում է շուրջ 900 հազար ձու, սպառվում՝ 730 հազարը,  այսինքն ամեն օր հնարավորություն կա պահեստավորել գրեթե 170 հազար ձու:

Պահեստավորված քանակն ամբողջությամբ բավարար է ամանորյա տոնակատարությունների հետ կապված ձվի սպառման ծավալներն ապահովելու առումով:

Ինչ վերաբերում է ձվի գնի նկատվող բարձրացմանը, ապա Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը նշում է, որ փաստացի թանկացում չկա։

Սակայն այստեղ հակասում են պետական երկու կառույցների հայտարարած թվերը: Եթե գյուղնախարարությունում պաշտոնապես ասում են ձվի գնի բարձրացում չկա, ապա Ազգային վիճակագրական ծառայությունը հայտարարում է՝ 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է նաեւ կոնկրետ ձվի՝ 6.4% գնաճով:

Ցուցադրել ավելի
Back to top button