Քաղաքական

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետդումայի նախագահին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 5-ին Մոսկվայում
հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետդումայի
նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:

ԱԺ փոխնախագահն անդրադարձել է հայ-ռուսական դաշնակցային համագործակցության
հետագա զարգացման եւ խորացման անհրաժեշտությանը բոլոր ուղղություններով: Նա
մասնավորապես կարեւորել է միջխորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաեւ
միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանականների
առավել սերտ համագործակցությունը: Պետդումայի նախագաhն իր հերթին բարձր է
գնահատել երկկողմ դաշնակցային հարաբերությունների ներկա մակարդակը:

Հանդիպմանը կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության մասին
պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման գործընթացին
առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահը հույս է հայտնել, որ մինչեւ դեկտեմբերի 23-ը
Մոսկվայում անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը,
փաստաթուղթը կվավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից: Սերգեյ
Նարիշկինը պատրաստակամություն է հայտնել հնարավոր սեղմ ժամկետում վավերացնելու
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը:

Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ Հայաստանը հանդես է գալիս
հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Նա բարձր է գնահատել
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ռուսաստանի՝ ԼՂ հակամարտության խաղաղ
կարգավորմանն ուղղված ջանքերը: ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել
հակամարտությունների ռազմական լուծման ցանկացած փորձ:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նկատել է, որ Հայաստանը մեծապես
կարեւորում է ՀԱՊԿ-ի, մասնավորապես ՀԱՊԿ ԽՎ-ի դերն ու նշանակությունը: Նա իր
մտահոգությունն է հայտնել, որ որոշ գործընկերներ երբեմն չեն պաշտպանում ՀԱՊԿ-ի
իրենց դաշնակիցների դիրքորոշումը: Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է
փոխգործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակում:

Էդուարդ Շարմազանովը Պետդումայի նախագահի հետ զրույցում նշել է, որ 2015
թվականին լրանում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը: Նա հույս է հայտնել, որ
Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը եւ Պետդուման կաջակցեն
միջոցառումների անցկացման հարցում:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Back to top button