Աբդուլահ Գաֆուրի.«Թուրքիան աշխատանք է տանում Եղեռնի մասին բարձրաձայնող մտավորականներին լռեցնելու ուղղությամբ»


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Թուրքիայում հայությունն ապրում է իր ինքնությունը ոտնահարելու և այն կոծկելու ճանապարհով «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է թուրքահայ Աբդուլահ Գաֆուրին: Ըստ նրա՝ արդեն մի քանի տարի է, որ ծպտյալ հայերը սկսել են բարձրաձայնել իրենց քրիստոնյա լինելու մասին եւ փոխում են ինքնության քարտը: 25-ից ավելի թուրքահայեր արդեն մկրտվել են Դիարբեքիրում:
Թուրքիայում կա երկու հայ համայնք` քրիստոնյա հայեր, որոնք կազմում են մոտ 60-70 հազար և մահմեդականացված, որոնց թիվը թե Արևմտյան Հայաստանում, թե Թուրքիայում հասնում է 4-5 միլիոնի: Թուրքահայ Աբդուլ Գաֆուրին ապրում է Դիարբեքիրում և խոստովանում, որ այնտեղ հայ լինելը դժվար է: Հայոց ցեղասպանությունից հետո հայերը նռան հատիկների պես փռվել են ամբողջ աշխարհում և 99 տարի շարունակ աշխարհի տարբեր անկյուններում կրում են իրենց բաժին հասած դժվարությունները: Ցեղասպանությունից հետո Թուրքիայում իսլամացված հայերը կոծկել են իրենց ինքնությունը:
«Եղել է ժամանակ, որ պաշտպանվելու համար մուսուլմանից էլ մուսուլման ենք ներկայացել, որպեսզի գոյություն պահենք: Տանը միմյանց հետ շփվում էինք հայերենով, սակայն դրսում արդեն մահմաեդական էինք»:
4-ից 5 միլիոն հայերը, որոնք արդեն 100 տարի է դավանափոխված են, Աբդուլ Գաֆուրիի խոսքով, արդեն ավելի շատ թրքացել ու քրդացել են, և նրանք կտրված են թե Հայաստանի, և թե Սփյուռքի հայությունից: Գաֆուրին անհարժեշտ է համարում երկուստեք կապեր հաստատելու համար քայլեր ձեռնարկել։ Դիարբեքիրում մոտ 150 հայ կա, ասում է: Նրանք մահմեդականացված հայերն են, սակայն տեր են կանգնում իրենց հայկական ինքնությանը:
«Սրանից մի քանի տարի առաջ Դիարբեքիրում երեք չորս հայի կարող էիր հանդիպել, ով կասեր, որ հայ է: Բայց այսօր արդեն նրանց թիվը մեծացել է և նրանք շաբաթվա մեջ մեկ օր Սուրբ Կիրակոս եկեղեցում կազմակերպում են հանդիպումներ: Վերջին նախաճաշին մասնակցել է 82 հայ»:
4 տարի առաջ, երբ սկսել են իրենց ինքնությունը բարձրաձայնելու և Հայոց Ցեղասպանության մասին հասարակության շրջանում իրազեկվածությունը բարձրացնելու աշխատանքները, Աբդուլ Գաֆուրիի առաջին քայլը եղել է մկրտվելն ու անձնագրում մահմեդականի փոխարեն քրիստոնյա նշվելը։
«Այս ընթացքում Դիարբեքիրում 25 հոգի մկրտվել է ու փոխել ինքնության քարտը»:
«Ռադիոլուրի» հետ զրույցում Աբդուլ Գաֆուրին նշեց, որ Թուրքիան Հայոց Ցեղասպանության 100- րդ տարելիցին լուրջ է պատրաստվում, և հատկապես աշխատանքներ է տանում լռեցնելու այն թուրք մտավորականների ձայնը, որոնք Հայոց Ցեղասպանության մասին բարձրաձայնում են իրենց աշխատություններում:
Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում ազգությամբ հայ Էթյեն Մահչուպյանի նշանակումը, Գաֆուրիի կարծիքով, գուցե հնարավորություն տա թուրքական կառավարությանը հայկական հարցի մասին ավելի մոտիկից ծանոթանալ։